ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանի գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Զարկոնեին։
Ինչու է դա կարևոր. Հանդիպման առանցքում եղել են պետական համակարգերի թվային փոխակերպման, Արհեստական բանականության (ԱԲ) գրասենյակի ստեղծման, հայերեն լեզվային ԱԲ գործիքների ներդրման և պետական տեղեկատվական համակարգերն ամպային միջավայր տեղափոխելու ռազմավարական ծրագրերը։ ՀԲ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի ու ենթակառուցվածքների զարգացմանը:
Համագործակցության առանցքային ուղղություններն ու նախաձեռնությունները.
Արհեստական բանականություն և թվայնացում.
ԱԲ գրասենյակի ստեղծում և պետական կառավարման մեջ ԱԲ գործիքների կիրառում:
Հայերենի համար լեզվային ԱԲ գործիքների ներդրում (Large Language Models / AI tools):
Պետական ծառայողների թվային գրագիտության բարձրացում և ԱԲ պատասխանատու կիրառման ապահովում:
Էկոհամակարգեր և STEM կրթություն.
Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների, ինչպես նաև Ինժեներական քաղաքի դերի ընդգծում STEM ոլորտների զարգացման գործում:
Տեխնոլոգիական ընկերությունների համար համատեղ արտադրական տարածքների ստեղծում և ֆինանսավորման նոր գործիքների ներդրում:
Ենթակառուցվածքներ և կիբեռանվտանգություն.
Պետական տեղեկատվական համակարգերի տեղափոխում ամպային (Cloud) միջավայր:
Հեռահաղորդակցության ենթակառուցվածքների արդիականացում և կիբեռանվտանգության մակարդակի բարձրացում:
Համաշխարհային բանկի գնահատականը. Ֆաբրիցիո Զարկոնեն բարձր է գնահատել Հայաստանում իրականացվող բարեփոխումների տեմպն ու ծավալները։ Կողմերը պայմանավորվել են խորացնել գիտահետազոտական ու նորարարական ծրագրերի իրականացումը:


