Հայաստանում կտրուկ խստացվել է վարչարարությունը ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները խախտող վարորդների նկատմամբ: Ազգային ժողովում 2025 թվականի բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը՝ ներկայացնելով ընթացիկ տարվա վիճակագրությունն ու սպասվող տեխնիկական նորամուծությունները:
Քարսիթների և հեռախոսների վիճակագրությունը. ցուցանիշները կտրուկ աճել են
Փոխնախարարի փոխանցմամբ՝ ընթացիկ տարում երեխաների համար նախատեսված հատուկ նստատեղերի (քարսիթների) բացակայության մասով արդեն իսկ կազմվել է շուրջ 5500 վարչական արձանագրություն:
«Անցած տարվա համեմատությամբ մենք կրկնակի ավելի ենք կազմել: Այսինքն՝ վարչարարությունը խստացվել է: Բայց պետք է կրկնել. սա այն իրավախախտումն է, որը մարդու գիտակցության մեջ պետք է տպվի, որ դա իր կյանքի կամ ամենամտերիմ, հարազատ երեխայի կյանքի ու առողջության հետ կապ ունի»,- ընդգծեց Արմեն Մկրտչյանը:
Բացի այդ, ոստիկանությունն արձանագրել է ղեկին ծխելու կամ հեռախոս օգտագործելու 19 հազար դեպք: ՆԳՆ ներկայացուցիչը շեշտեց, որ հեռախոսով խոսելն ու տեքստեր գրելը, արագության հետ զուգորդվելով, հաճախ ճակատագրական են դառնում կյանքի համար:
Նոր տեխնոլոգիաներ. Պարեկները կնկարահանեն մեքենաների ներսը
ՆԳ նախարարի տեղակալը հայտնեց նաև սպասվող տեխնիկական վերազինման մասին: Առաջիկայում պարեկները կսկսեն վարչական իրավախախտումներն արձանագրել անմիջապես տրանսպորտային միջոցի ներսում.
«Ունենք տեխնիկապես հագեցած պարեկային տրանսպորտային միջոց, որը կգործարկենք այս տարի: Այն 360 աստիճան նկարահանելու է տրանսպորտային միջոցները: Արձանագրելու ենք տրանսպորտային միջոցի ներսում իրավախախտումը, այն է՝ հեռախոսը...»,- պարզաբանեց Մկրտչյանը:
«Կպնել գրպանին՝ առանց կոմպրոմիսի». պատգամավորի հորդորը
Իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման համատեքստում ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Նա հորդորեց կիրառել առավել կոշտ ֆինանսական միջոցներ. «Կպնել գրպանին, առանց կոմպրոմիսի, այդ դեպքում կլուծվի հարցը»,- ասաց պատգամավորը:

