Ամերիկացի մեդիաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանը, ըստ Forbes-ի գնահատականի, աշխարհի ամենահարուստ ինքնուրույն հաջողության հասած կանանցից մեկն է։ Պարբերականի տվյալներով՝ նրա կարողությունը կազմում է մոտ 1.9 միլիարդ դոլար։
Քարդաշյանը հանրաճանաչ է դարձել «Keeping Up With the Kardashians» ռեալիթի շոուի շնորհիվ, սակայն հետագայում կարողացել է իր հայտնիությունը վերածել բազմամիլիոնանոց բիզնես գործունեության։
Նրա կարողության հիմնական մասը կապվում է SKIMS բրենդի հետ, որը նա համահիմնադրել է։ Շեյփվերի և հագուստի արտադրությամբ զբաղվող ընկերությունը գնահատվում է շուրջ 5 միլիարդ դոլար։
Գեղեցկության ոլորտում Քարդաշյանը նախկինում վաճառել է իր KKW Beauty ընկերության 20% բաժնեմասը ֆրանսիական Coty ընկերությանը։ Հետագայում նա հիմնադրել է SKKN By Kim մաշկի խնամքի ապրանքանիշը։
45-ամյա գործարարը ունի չորս երեխա և սոցիալական մեդիայի ամենամեծ լսարան ունեցող հայտնիներից է՝ տարբեր հարթակներում ունենալով հարյուրավոր միլիոն հետևորդներ։ Նա նաև աջակցում է քրեական արդարադատության բարեփոխումների և սոցիալական մի շարք նախաձեռնությունների։

