Կապանի «Սյունիք» օդանավակայանը կարող է դառնալ միջազգային

«Սյունիք» օդանավակայանը ունի միջազգային թռիչքներ իրականացնելու զգալի պոտենցիալ։

Կապանի «Սյունիք» օդանավակայանը կարող է ստանալ միջազգային կարգավիճակ։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ գործընթացն արդեն մեկնարկել է։

Վարչապետը նշել է, որ օդանավակայանը ներկայումս արդեն կարող է ընդունել որոշակի չափի օդանավեր, իսկ անհրաժեշտության դեպքում կկատարվեն թռիչքուղու ընդլայնման աշխատանքներ՝ ավելի մեծ ինքնաթիռներ սպասարկելու համար։

Փաշինյանի գնահատմամբ՝ «Սյունիք» օդանավակայանը ունի միջազգային թռիչքներ իրականացնելու զգալի պոտենցիալ։

Ներկայումս Կապանից իրականացվում են թռիչքներ դեպի Երևան և հակառակ ուղղությամբ՝ «ՆովԷյր» ավիաընկերության կողմից։

Հայաստանում այս պահին միջազգային կարգավիճակ ունեն Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայանները։