ABNews

Կամչատկայում բնական պարկում ճանապարհի հեղեղման պատճառով 117 զբոսաշրջիկ արգելափակված է մնացել

Լուրեր | 2026/08/23 11:22

Կամչատկայում բնական պարկում ճանապարհի հեղեղման պատճառով 117 զբոսաշրջիկ արգելափակված է մնացել

Պարկում հայտնված զբոսաշրջիկների թվում կան նաև Չինաստանի քաղաքացիներ

«Կամչատկայի հրաբուխներ» բնական պարկում հորդառատ անձրևներից ողողված ճանապարհի պատճառով արգելափակվել է 117 զբոսաշրջիկ, այդ թվում՝ 15 դեռահաս։ Փրկարարները սկսել են նրանց տարհանումը, հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով Կամչատկայի երկրամասի կառավարության մամուլի ծառայությանը։

Առաջին ուղղաթիռն արդեն շարժվել է դեպի «Մեռյալ անտառ» հարթակ, որը սահմանվել է որպես զբոսաշրջիկների հավաքման կետ։ Մարդկանց օդային տրանսպորտով կտարհանեն մինչև ճանապարհի այն հատվածը, որը երթևեկելի է, որից հետո ավտոբուսներով կհասցնեն Պետրոպավլովսկ-Կամչատսկի։

Պարկում հայտնված զբոսաշրջիկների թվում կան նաև Չինաստանի քաղաքացիներ։

Պլոսկի Տոլբաչիկ հրաբխի շրջանում ճանապարհն օգոստոսի 22-ին ողողվել է ուժեղ տեղումների պատճառով։ Բացի այդ, Ստուդյոննայա գետում բարձրացել է ջրի մակարդակը։ Արդյունքում հիմնական զբոսաշրջային խմբերի կողմից օգտագործվող մուտքի ճանապարհով երթևեկությունն անհնար է դարձել։

Ուստ-Կամչատսկի շրջանում ճանապարհի ավերման պատճառով հայտարարվել է արտակարգ իրավիճակ։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը