Պետական եկամուտների կոմիտեի Մեղրիի մաքսակետի ղեկավարը կալանավորվել է քրեական վարույթի շրջանակում։
Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ քննվող վարույթի շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր առմամբ հինգ անձի նկատմամբ, այդ թվում՝ ՊԵԿ մի շարք պաշտոնյաների։
Նրանք մեղադրվում են իշխանական լիազորությունները չարաշահելու, հարկերից խուսափելու և այդ գործողություններին օժանդակելու մեջ։ Կոմիտեի տվյալներով՝ ՊԵԿ պաշտոնյաներից մեկի, ինչպես նաև ևս մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։
Կալանավորված պաշտոնյաներից մեկը հանդիսանում է ՊԵԿ Մեղրիի մաքսակետի ղեկավարը։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

