ՀՀ կառավարությունը մարտի 5-ի նիստում որոշում կայացրեց Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 4-ի շրջանակներում Սյունիքի մարզում գտնվող մի շարք տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին։
Որոշման նպատակն է ապահովել Քաջարան–Ագարակ շուրջ 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի կառուցումը։
Ծրագրի հիմնական բաղադրիչները
Ծրագիրը ներառում է՝
-
5 նոր տրանսպորտային հանգույցի կառուցում,
-
6 նոր վերգետնյա անցում,
-
2 նոր թունել՝ մոտ 985 մետր ընդհանուր երկարությամբ (ներառյալ պորտալները),
-
15 նոր կամուրջ։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականին և ներկայումս շարունակվում են։
Նոր նախագծային փոփոխություններ
Նախագծային փոփոխությունների արդյունքում Մեղրի համայնքի Տաշտուն, Լիճք և Մեղրի բնակավայրերում գտնվող ընդհանուր 88 հողամասերի ազդակիր հատվածներ ներառվել են ճանապարհի օտարման գոտու սահմաններում։
Առանց այդ տարածքների հնարավոր չէ ապահովել շինարարական աշխատանքների իրականացումը, ուստի որոշմամբ առաջարկվում է դրանք ևս ճանաչել հանրության գերակա շահ։
Օտարման գործընթացն սկսելու վերջնաժամկետ է սահմանվել 2026 թվականի դեկտեմբերի 1-ը։
Ծրագրի ծախսերը կիրականացվեն ՀՀ պետական բյուջեի միջոցներից՝ ԱԶԲ ֆինանսավորմամբ իրականացվող Հյուսիս-հարավ ծրագրի Սիսիան–Քաջարան հյուսիսային ենթահատվածի հողերի օտարման համար նախատեսված միջոցների վերաբաշխման միջոցով։

