ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ ապրիլի 1-ին Հրազդանի կիրճում շրջիկ ծառայություն իրականացնող ոստիկանության գվարդիայի ծառայողները հայտնաբերել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք։
Ծառայության ընթացքում ոստիկանները նկատել են քաղաքացու, որի վարքագիծը նրանց տեսնելիս փոփոխվել է։ Վերջինս փորձել է փախուստի դիմել։
Հետապնդման ընթացքում քաղաքացին նետել է սառը զենքի նմանվող առարկա, սակայն բարդ տեղանքում փորձելիս անցնել ջրատարով՝ ընկել է ջուրը։
Ոստիկանության ծառայողները դուրս են բերել նրան ջրից՝ արձագանքելով օգնության կանչին։
Հետագա գործողությունների ընթացքում պարզվել է, որ 20-ամյա երիտասարդը զբաղվել է թմրամիջոցների փաթեթավորման և տեղադրման գործողություններով։
Ոստիկանության տվյալներով՝ նրա բջջային հեռախոսում առկա լուսանկարների հիման վրա հայտնաբերվել են թմրամիջոցների երեք փաթեթներ։
Քաղաքացին ձերբակալվել է թմրամիջոցների իրացման կասկածանքով և ներկայացվել նախաքննական մարմին։
Դեպքի հանգամանքները պարզվում են։

