ABNews

Հունիսի 8-ի բիզնես լուրերը

Լուրեր | 2026/06/08 19:19

Հունիսի 8-ի բիզնես լուրերը

Տեղական լուրեր

2025 թվականին Հայաստանի պետական բյուջեի եկամուտները կազմել են 2,886.5 մլրդ դրամ

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարվել է, որ 2025 թվականի արդյունքներով ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 886 միլիարդ 500 միլիոն դրամ։ Այս ցուցանիշը 2024 թվականի համեմատ աճել է 11%-ով (307 մլրդ դրամով), իսկ 2017 թվականի համեմատությամբ՝ 2.3 անգամ։

Հայաստանի ֆոնդային բորսայի 2026թ. մայիս ամսվա ամփոփ տվյալները

Մայիսին բորսայի պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման հարթակում տեղաբաշխվել է ավելի քան 38.1 մլրդ դրամի պարտատոմս։ Երկրորդային շուկայում իրականացվել է 53 գործարք՝ ավելի քան 8.3 մլրդ դրամ ընդհանուր ծավալով, ինչը վկայում է շուկայական ակտիվության և ներդրողների վստահության պահպանման մասին։

Ռուսաստանը կարող է ընդլայնել Հայաստանից ձկան մատակարարման սահմանափակումները

Ձկնաբուծության դաշնային գործակալությունից հայտնել են, որ անասնաբուժական ռիսկերի դեպքում Ռուսաստանը կընդլայնի Հայաստանից կենդանի և սառեցված ձկան (հատկապես իշխանի) ներկրման սահմանափակումները։ Գերատեսչությունը նշել է, որ դա չի ազդի իրենց ներքին շուկայի վրա, քանի որ ՌԴ-ն ունի սեփական արտադրություն, իսկ պակասուրդը կփոխարինվի այլ երկրներից, այդ թվում՝ Թուրքիայից ներմուծմամբ։

2025 թվականին Հայաստանում արձանագրվել է 7.1% տնտեսական աճ

Ֆինանսերի նախարարության տվյալներով՝ 2025 թվականին Հայաստանում գրանցվել է 7.1 տոկոս տնտեսական աճ։ Հարկաբյուջետային ազդակը եղել է թույլ զսպող՝ միտված տնտեսության դիմակայունության ամրապնդմանը, իսկ կապիտալ ներդրումներն ուղղվել են անվտանգության, մարդկային կապիտալի և ենթակառուցվածքների զարգացմանը։

ՀՀ պետական պարտքի և հարկային եկամուտների 2025 թվականի արդյունքները

Կենտրոնական բանկի տվյալներով՝ նախորդ տարի Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը նվազել է՝ պահպանվելով 50%-ից ցածր մակարդակում։ Հարկային եկամուտները 2024 թվականի համեմատ աճել են շուրջ 14%-ով, իսկ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը բարձրացել է 0.6 տոկոսային կետով՝ կազմելով 24.1%։

Միջազգային լուրեր

Չինաստանի արժութային պահուստները մայիսին աճել են մինչև 3.442 տրլն դոլար

Աշխարհում խոշորագույնը համարվող Չինաստանի արժութային պահուստները մայիսին աճել են 31.7 մլրդ դոլարով՝ հասնելով 3.442 տրիլիոն դոլարի, ինչը առավելագույնն է 2015 թվականի հոկտեմբերից ի վեր։ Երկրի ոսկու պահուստները նույնպես աճել են՝ կազմելով 74.96 մլն ունցիա։

Եվրագոտու ՀՆԱ-ն առաջին եռամսյակում նվազել է 0.2%-ով

2026 թվականի առաջին եռամսյակում եվրագոտու տնտեսությունը նախորդ եռամսյակի համեմատ կրճատվել է 0.2%-ով։ Սա ՀՆԱ-ի առաջին անկումն է 2022 թվականի վերջից ի վեր, ինչը հիմնականում պայմանավորված է Իռլանդիայի տնտեսական ցուցանիշների վերանայմամբ, որտեղ ՀՆԱ-ն կրճատվել է 12.1%-ով։

Եվրամիությունը պատժամիջոցներ կկիրառի Իրանի դեմ

Եվրամիությունն առաջին անգամ պատրաստվում է սահմանափակումներ ներդնել Թեհրանի նկատմամբ՝ միջազգային ջրերում (Կարմիր ծովում և Հորմուզի նեղուցում) նավագնացության ազատության սկզբունքները խախտելու պատճառով։ Արևմուտքը փորձում է տնտեսական ու իրավական լծակներով զսպել Իրանի ազդեցությունը կարևորագույն ծովային երթուղիներում։

Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի պատճառով զանգվածային գործազրկություն է կանխատեսվում

Financial Times-ի փոխանցմամբ՝ Մերձավոր Արևելքի հակամարտությամբ պայմանավորված գազի գների աճը նվազեցնում է ԵՄ-ի մրցունակությունը ԱՄՆ-ի համեմատ։ Եվրոպային սպառնում է զանգվածային գործազրկություն, եթե էներգետիկ ցնցումների ֆոնին անհապաղ չիրականացվի տնտեսության ապակարգավորում և անհրաժեշտ բարեփոխումներ։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը