ABNews

Հունիսի 4-ի բիզնես լուրերը

Լուրեր | 2026/06/04 19:19

Հունիսի 4-ի բիզնես լուրերը

Տեղական լուրեր

Փոխհատուցում կտրամադրվի պտուղ-բանջարեղեն և ծաղիկներ արտահանողներին

Հայաստանից հայկական ծագման պտուղ-բանջարեղեն և ծաղիկներ արտահանող տնտեսավարողները պետությունից փոխհատուցում կստանան՝ ներմուծող երկրում գանձված մաքսատուրքի արժեքի չափով։ 2026 թվականի հունիսին այս աջակցության միջոցառման շրջանակում արտահանման ենթակա ծավալները կկազմեն շուրջ 4250 տոննա պտուղ-բանջարեղեն և 10 միլիոն հատ ծաղիկ։

Առաջին եռամսյակում աշխատանքի նպատակով ՌԴ է մեկնել ավելի քան 42 հազար ՀՀ քաղաքացի

2026 թվականի առաջին եռամսյակում աշխատանքային նպատակով Ռուսաստան է մեկնել Հայաստանի 42,366 քաղաքացի, ինչը որոշակիորեն զիջում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին (45,526 քաղաքացի)։ Լոգիստիկայի տեսանկյունից ՀՀ քաղաքացիները հիմնականում նախապատվությունը տվել են օդային և ավտոմոբիլային տրանսպորտին։

ՌԴ-ն որևէ սահմանափակում չի մտցնում հայկական ներմուծման համար․ Ալեքսեյ Օվերչուկ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, անդրադառնալով «Ռոսսելխոզնադզորի» վերջին սահմանափակումներին, նշել է, որ հայկական թարմ արտադրանքի նկատմամբ ձեռնարկված քայլերը սովորական աշխատանքային գործընթաց են։ Ըստ նրա՝ Ռուսաստանը որևէ հատուկ սահմանափակում չի մտցնում, իսկ ստուգումների նպատակը սպառողների պաշտպանությունն է։

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը մայիսին աճել է մոտ 10%-ով

2026 թվականի մայիսին Հայաստան է այցելել 199,541 զբոսաշրջիկ, ինչը 2025 թվականի մայիսի համեմատ շուրջ 10%-ով ավելի է։ Զբոսաշրջային հոսքերի այս աճն ուղղակիորեն խթանում է սպասարկման ոլորտի, հյուրանոցային բիզնեսի ու հանրային սննդի օբյեկտների շրջանառությունը՝ ավելացնելով հարկային մուտքերը։

ԱՄՆ-ը հավանություն է տվել «ԹՐԻՓՓ» հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկության հիմնմանը

ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) տնօրենների խորհուրդը հունիսի 3-ին հաստատել է մի շարք նոր ներդրումներ, այդ թվում՝ «ԹՐԻՓՓ»-ի զարգացման ընկերության հիմնումը։ Այս համատեղ ձեռնարկության նպատակն է աջակցել երկկողմ ու տարածաշրջանային առևտրին, փոխադրումներին և տնտեսական փոխկապակցվածությանը։

Միջազգային լուրեր

ԱՄՆ նավթի պաշարները նվազել են մինչև 2004 թվականի նվազագույն ցուցանիշը

ԱՄՆ-ի հում նավթի և նավթամթերքի ընդհանուր պաշարները նախորդ շաբաթ նվազել են 10,6 միլիոն բարելով՝ հասնելով 1,57 միլիարդ բարելի, ինչը վերջին 22 տարվա ամենացածր նիշն է։ Վարչակազմն ակտիվորեն օգտագործում է ռազմավարական պահուստները՝ Իրանի շուրջ ստեղծված հակամարտության ֆոնին էներգակիրների գների աճը զսպելու համար։

SpaceX-ը մեկ բաժնետոմսի գինը սահմանել է 135 դոլար

Ամերիկյան SpaceX ընկերությունը բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO) պաշտոնական մեկնարկից առաջ մեկ բաժնետոմսի ֆիքսված գինը սահմանել է 135 դոլար։ Ընկերությունը մտադիր է վաճառել 555,6 միլիոն բաժնետոմս՝ ապահովելով 75 միլիարդ դոլարի առաջարկ, ինչի արդյունքում SpaceX-ի ընդհանուր գնահատականը կհասնի 1.75 տրիլիոն դոլարի։

Եվրահանձնաժողովը տեխնոլոգիական ինքնիշխանության հասնելու նոր կանոններ է առաջարկել

Եվրոպական հանձնաժողովը ներկայացրել է կանոնների նոր փաթեթ, որն ուղղված է միկրոչիպերի, արհեստական բանականության և ամպային ծառայությունների սեփական արտադրության խթանմանը։ Աճող աշխարհաքաղաքական լարվածության ֆոնին Եվրոպան փորձում է նվազեցնել կախվածությունը տեխնոլոգիաների ոչ եվրոպական մատակարարներից։

Իրանում գնաճը հասել է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենաբարձր մակարդակին

Ավելի քան երեք ամիս առաջ սկսված պատերազմի հետևանքով Իրանում գրանցվել է տասնամյակների ամենաբարձր գնաճը։ Մայիսին քաղաքային բնակավայրերում սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա համեմատ աճել է 77.2%-ով, իստ ռեստորանների և հյուրանոցների գները միայն ապրիլի համեմատ աճել են 88%-ով։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը