Տեղական լուրեր
ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 956,400 եվրո չհայտարարագրված կանխիկի տեղափոխման դեպքեր
Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները մաքսային հսկողության ընթացքում հայտնաբերել են խոշոր չափի չհայտարարագրված արտարժույթ։ Դորտմունդ–Երևան չվերթի ուղեբեռների ռենտգեն զննության, ինչպես նաև Նիդերլանդների քաղաքացու ուղեբեռի ստուգման արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 956,400 եվրո կանխիկ դրամ։ ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին նախապես ծանոթանալ մաքսային կանոններին։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ։ Կողմերը քննարկել և երկուստեք կարևորել են էներգետիկ, լոգիստիկ և առևտրատնտեսական ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացումն ու օրակարգային այլ հարցեր։
Հայաստանի և Թուրքիայի գործարարները հանդիպել են Կարսում
Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչները հունիսի 2-ին հատել են ցամաքային սահմանը և մեկնել Կարս՝ թուրք գործընկերների հետ հանդիպման։ Սննդամթերքի, շինարարության, զբոսաշրջության և այլ ոլորտները ներկայացնող գործարարները մտքեր են փոխանակել երկկողմ առևտրի զգալի ներուժի և ապագա համագործակցության հեռանկարների շուրջ։
TRIPP նախագիծը կարող է դառնալ տարածաշրջանի առևտրային հանգույցը․ Մարկո Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ TRIPP նախագիծը կարող է հեղափոխել Հայաստանի ռազմավարական դիրքը՝ դառնալով առևտրի կենտրոնական հանգույց։ Նա հույս է հայտնել, որ երթուղին կխթանի մասնավոր ներդրումները՝ ի շահ ամերիկյան ընկերությունների, Հայաստանի, Ադրբեջանի և տարածաշրջանի, իսկ վերջնական շահառուն կլինի հայ ժողովուրդը։
Հայաստանում գրանցված աշխատողների և աշխատավարձի ցուցանիշները
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի փետրվարի դրությամբ Հայաստանում գործել է 63,494 կազմակերպություն։ Գրանցված աշխատողների ընդհանուր քանակը կազմել է 797,589 մարդ, իսկ նրանց միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 299,618 ՀՀ դրամ։
Միջազգային լուրեր
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել իրանական կրիպտոբորսաների նկատմամբ
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել Իրանի խոշորագույն կրիպտոարժութային բորսայի՝ «Nobitex»-ի և մի շարք այլ թվային հարթակների նկատմամբ։ Ըստ Վաշինգտոնի՝ բորսան զգալի աջակցություն է ցուցաբերել Իրանի կառավարությանը՝ մշակելով 2025 թվականին երկիր մուտք գործած թվային ակտիվների ծավալի ավելի քան 50%-ը։
ՎԶԵԲ-ն իջեցրել է տարածաշրջանի երկրների տնտեսական աճի կանխատեսումը
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, Իրանում ընթացող ռազմական գործողությունների բացասական ազդեցությամբ պայմանավորված, մինչև 3.1% է իջեցրել իր ներդրումային տարածաշրջանների տնտեսական աճի կանխատեսումը։ Սպասումները անփոփոխ են մնացել միայն Կենտրոնական Ասիայում (5.6%՝ 2026-ին)։
ԱՄՆ-ն նախատեսում է նոր մաքսատուրքեր սահմանել 60 երկրի համար
ԱՄՆ առևտրային ներկայացուցչի գրասենյակն առաջարկել է մինչև 12.5% լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել 60 երկրից ներմուծվող ապրանքների նկատմամբ։ Պատճառը այդ պետություններում հարկադիր աշխատանքով արտադրված ապրանքների ամբողջական արգելքի բացակայությունն է, ինչն, ըստ գերատեսչության, անհավասար պայմաններ է ստեղծում ամերիկացի աշխատողների համար։
Եվրոպային սպառնում է պարենային ճգնաժամի ավելի ծանր ազդեցություն․ Bloomberg
Էքստրեմալ եղանակով պայմանավորված գլոբալ պարենային ճգնաժամը եվրագոտում կհանգեցնի գների ավելի զգալի աճի (տարեկան մոտ 1.6%-ով), քան «Մեծ յոթնյակի» մյուս երկրներում։ Գլոբալ տաքացման պատճառով հաճախակիացող բնական աղետները վնասում են ենթակառուցվածքները, խաթարում մատակարարումները և հանգեցնում բերքի ձախողման։

