Տեղական լուրեր
ՀՀ պետբյուջեի եկամուտներն աճել են 14.7%-ով. Ֆինանսների նախարարություն
2026 թվականի առաջին 5 ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,353 մլրդ դրամ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը՝ 14.7% կամ 173.2 մլրդ դրամ)։ Նույն ժամանակահատվածում բյուջեի ծախսերը կազմել են 1,257 մլրդ դրամ։
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Ռուսաստանից Հայաստան է իրականացվել հերթական տարանցիկ մատակարարումը՝ 6 վագոն պարարտանյութ։ Մինչ օրս այս ճանապարհով փոխադրվել է ավելի քան 33 հազար տոննա հացահատիկ, 7 հազար տոննա պարարտանյութ և այլ ապրանքներ։ Տարանցմանը զուգահեռ Ադրբեջանից Հայաստան են արտահանվում նաև նավթամթերք։
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար կպահանջվի համապատասխանության փաստաթուղթ
Երրորդ երկրներից «Ներքին սպառման համար բացթողում» ընթացակարգով ներմուծվող որոշ ապրանքների համար ՊԵԿ-ը կպահանջի համապատասխանության գնահատման փաստաթուղթ։ Պահանջը վերաբերում է օծանելիքին, հյութերին, ծխախոտին, փաթեթավորված խմելու և հանքային ջրերին, ինչպես նաև դիետիկ սննդի որոշ տեսակների։
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է ԵՄ
ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայտնել է հայկական ծիրանի խորհրդանշական խմբաքանակի՝ ԵՄ ժամանելու մասին։ Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին և նշել, որ սա կօգնի հայ արտադրողներին դիվերսիֆիկացնել արտահանումն ու դուրս գալ նոր շուկաներ։
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
2026 թվականի հունիսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում լճի մակարդակը բարձրացել է 3 սմ-ով և կազմել 1900.72 մ։ Այն հավասար է անցյալ տարվա նույն օրվա ցուցանիշին, սակայն հունվարի 1-ի համեմատ բարձր է 50 սմ-ով։ Նշված շաբաթում Արփա-Սևան ջրատարով լիճ է տեղափոխվել 10.229 մլն մ³ ջուր։
Միջազգային լուրեր
ԱՄՆ-ը 60 օրով կասեցրել է Իրանի դեմ նավթային պատժամիջոցները
Վաշինգտոնը ժամանակավորապես թույլատրել է իրանական նավթի և նավթամթերքի առևտուրն իրականացնել ամերիկյան դոլարով, ինչպես նաև օրինականացրել է դրա բանկային սպասարկումն ու ապահովագրությունը։ Այսուհետ իրանական նավթը կարելի է ներկրել ուղղակիորեն ԱՄՆ՝ շրջանցելով ստվերային միջնորդների շղթաները։
Չինաստանը մշակել է օտարերկրյա ներդրումներ ներգրավելու գործողությունների ծրագիր
Պեկինը ներկայացրել է ծրագիր, որն ուղղված է շուկայի հասանելիության ընդլայնմանը ծառայությունների, ֆինանսների և դեղագործության ոլորտներում։ Նախատեսվում է պարզեցնել ներդրումային ընթացակարգերը, այդ թվում՝ օտարերկրյա կապիտալով միաձուլումների, տվյալների անդրսահմանային շարժի և վերաներդրումների մասով։
SpaceX-ը հայտարարել է 20 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխման մասին
Իլոն Մասկի ընկերությունը սկսել է պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը, որի ծավալը կազմում է առնվազն 20 մլրդ դոլար։ Բացի այդ, SpaceX-ը հայտնել է, որ հունիսի 19-ի դրությամբ ընկերության տրամադրության տակ գտնվող դրամական միջոցների և դրանց համարժեքների ծավալը հասել է շուրջ 100.8 միլիարդ դոլարի։
Վրաստանի պետական պարտքը մեկ տարում ավելացել է 158 միլիոն դոլարով
2026 թվականի մայիսին Վրաստանի պետական պարտքը կազմել է 9.1 մլրդ դոլար։ Ապրիլի համեմատ այն նվազել է 95 մլն դոլարով (լարիի ամրապնդման և եվրոյի արժեզրկման հաշվին), սակայն 2025 թվականի մայիսի ցուցանիշը գերազանցում է 158 միլիոն դոլարով։

