ABNews

Հունիսի 2-ի բիզնես լուրերը

Լուրեր | 2026/06/02 19:19

Հունիսի 2-ի բիզնես լուրերը

Տեղական լուրեր

Ռուսաստանը սահմանափակել է հայկական կորիզավոր պտուղների և խաղողի ներկրումը

«Ռոսսելխոզնադզորը» հունիսի 2-ից ժամանակավորապես սահմանափակում է Հայաստանից բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներկրումը՝ մատակարարումների ժամանակ արձանագրված հաճախակի խախտումների պատճառով։ Սահմանափակումները կգործեն մինչև արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան ալգորիթմի մշակումը։

Բնակարանային աջակցության նոր ծրագիր՝ 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին

Հայաստանում 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող 643 ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման համար մեկնարկում է նոր ծրագիր։ 2027 թվականի հունվարի 1-ից այս ընտանիքները յուրաքանչյուր երեխայի հաշվով կստանան 4 միլիոն դրամ՝ հիփոթեքով տուն ձեռք բերելու կամ կառուցելու նպատակով։

Մայիսին Երևանի օդի որակը եղել է «լավ» միջակայքում.

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ մայրաքաղաքի շինհրապարակներում տեղադրված օդի որակի հսկողության սարքերի 194 կայանների տվյալներով՝ մայիս ամսին օդի որակի դասիչի միջինացված արժեքը համապատասխանել է «լավ» միջակայքին։

Մեկնարկում են Բաթումիի և Սևանի սեզոնային երկաթուղային ուղղությունները

«Հարավկովկասյան երկաթուղին» հունիսի 14-ից սկսում է Երևան-Թբիլիսի-Բաթումի-Երևան օրընդմեջ միջազգային փոխադրումները, իսկ հունիսի 12-ից՝ Երևան-Սևան-Շորժա ամենօրյա (ուրբաթ-կիրակի) ուղղությունը։ Ուղևորների հարմարության համար փոխվել է նաև Գյումրի-Երևան արագընթաց գնացքի չվացուցակը։

ՊԵԿ պարզաբանումը շրջանառության հարկից հարկման ընդհանուր համակարգ անցնելու մասին

Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է, որ եթե հարկ վճարողը տարվա ընթացքում անցնում է հարկման ընդհանուր համակարգի և դառնում ԱԱՀ վճարող, նա հնարավորություն ունի կատարելու ԱԱՀ գումարների հաշվանցումներ, եթե այդ չհաշվանցված գումարները վերագրվում են ԱԱՀ-ով հարկվող ժամանակաշրջանի գործարքներին։

Միջազգային լուրեր

Վրացական գինու արտահանման միջին գինը հասել է 3.07 դոլարի

Տարեսկզբին վրացական գինու արտահանումը գրանցել է չափավոր աճ՝ կազմելով 72.9 միլիոն դոլար, իսկ մեկ լիտրի միջին գինը բարձրացել է մինչև 3.07 դոլար։ Ոլորտի արտահանման ամենամեծ և կայուն շուկան շարունակում է մնալ Ռուսաստանը։

ԵՄ-ն նոր սահմանափակումներ է դիտարկում «Լուկոյլ»-ի և «Ռոսնեֆտ»-ի նկատմամբ

Պատժամիջոցների 21-րդ փաթեթի շրջանակում Եվրամիությունը քննարկում է ռուսական «Լուկոյլ» և «Ռոսնեֆտ» նավթային ընկերությունների դեմ նոր սահմանափակումներ։ Նպատակը էներգետիկ ոլորտում նախկին պատժամիջոցների շրջանցման մեխանիզմների կանխումն ու Ռուսաստանի նավթային եկամուտների կրճատումն է։

Ֆլորիդան միլիարդավոր դոլարների հայց է ներկայացրել OpenAI-ի և Սեմ Ալթմանի դեմ

Ֆլորիդա նահանգը դատի է տվել OpenAI ընկերությանը և ղեկավար Սեմ Ալթմանին՝ ChatGPT-ի անվտանգության վերաբերյալ փաստերը խեղաթյուրելու համար։ Ըստ հայցի՝ հարթակը վնաս է հասցրել անչափահասներին՝ տրամադրելով տեղեկություններ դպրոցական հրաձիգներին, ինքնավնասման հրահանգներ և առաջացնելով կախվածություն։

Հնդկաստանի կենտրոնական բանկը ռուփին կայունացնելու համար 12 մլրդ դոլարի ոսկի է վաճառել

Հնդկաստանի պահուստային բանկը մայիսին, երկու շաբաթվա ընթացքում, սեփական պահուստներից վաճառել է շուրջ 12 միլիարդ դոլարի ոսկի։ Գործարքի նպատակը Մերձավոր Արևելքի լարվածության ֆոնին արտարժութային իրացվելիությունն ավելացնելն էր, ինչի արդյունքում ձեռք է բերվել 7.5 միլիարդ դոլարի արտարժույթ։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը