ABNews

Հունիսի 15-ի բիզնես լուրերը

Լուրեր | 2026/06/15 19:19

Հունիսի 15-ի բիզնես լուրերը

Տեղական լուրեր

Մայիսին հայտնաբերվել է 63.4 մլն դրամի ապօրինի ձեռնարկատիրական եկամուտ. ՊԵԿ

Մայիսի 1-ից 31-ն ընկած ժամանակահատվածում Պետական եկամուտների կոմիտեն 30 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի ընդհանուր ծավալը կազմել է 63.4 մլն դրամ, իսկ հնարավոր տուգանքների չափը գնահատվում է 34 մլն դրամ։

Ռուսաստանից Հայաստան ցորեն կտեղափոխվի Ադրբեջանի տարածքով

Ադրբեջանի տարածքով տարանցմամբ Ռուսաստանից Հայաստան կկատարվի երկաթուղային հերթական բեռնափոխադրումը։ «Բալաջարի» կայարանից կուղարկվի 7 վագոն՝ ընդհանուր 490 տոննա ցորենով։ Մինչ այս երթուղով արդեն տեղափոխվել է ավելի քան 29 հազար տոննա հացահատիկ, պարարտանյութ, ալյումին, հնդկացորեն և շուրջ 12 հազար տոննա դիզելային վառելիք։

Կառավարությունը 2027 թվականից կփոխի ակցիզային հարկի դրույքաչափերը

Քանի որ ակցիզային հարկի գործող պլանն ավարտվում է 2026 թվականի վերջին, գործադիրը նոր մոտեցում է սահմանել 2027 թվականից սկսած։ Աստիճանաբար կթանկանան բենզինը, դիզվառելիքը, ծխախոտն ու նարգիլեն։ Փոխարենը՝ տեղական արտադրությանը սատարելու նպատակով, մրգային օղիների հարկը կնվազեցվի 33%-ով, և որոշակիորեն կրճատվի կոնյակի հարկը։

Թուրքիայի քաղաքացիների մասնակցությամբ անշարժ գույքի գործարքները ՀՀ-ում նվազել են

Կադաստրի կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականին Հայաստանում օտարերկրացիների մասնակցությամբ իրականացված անշարժ գույքի առուվաճառքի 4,413 գործարքից միայն 4-ն են եղել Թուրքիայի քաղաքացիների մասնակցությամբ։ Իսկ արդեն 2026 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Թուրքիայի քաղաքացիների կողմից Հայաստանում անշարժ գույքի ոչ մի գործարք չի գրանցվել։

Ինքնակամ կառույցների հաշվառման վերջնաժամկետ է սահմանվել 2026-ի դեկտեմբերի 31-ը

Կադաստրի կոմիտեն հիշեցնում է, որ մինչև 2021թ. օդային լուսանկարահանումը կառուցված ինքնակամ շինությունների հաշվառման վերջնաժամկետը ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ն է։ Չափագրման փաթեթը համակարգ ներբեռնելուց և հաստատվելուց հետո ձևավորվում է ծածկագիր, և կառույցը համարվում է հաշվառված, ինչի մասին քաղաքացին ծանուցվում է SMS հաղորդագրությամբ։

Միջազգային լուրեր

Եվրոպական չորս երկրներ պատրաստ են հանել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան հայտարարել են Իրանի նկատմամբ սահմանափակումները չեղարկելու պատրաստակամության մասին, եթե Թեհրանն ու Վաշինգտոնը հասնեն վերջնական համաձայնության, և իրանական կողմը կատարի միջուկային ծրագրի պարտավորությունները։ Եվրոպական քառյակը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի կնքումը։

Դոնալդ Թրամփը Ֆրանսիային սպառնում է 100%-անոց մաքսատուրքերով

ԱՄՆ նախագահը նախազգուշացրել է Էմանուել Մակրոնին, որ եթե Փարիզը չչեղարկի ամերիկյան տեխնոլոգիական հսկաների նկատմամբ սահմանված 3-տոկոսանոց թվային հարկը, Վաշինգտոնը պատասխան 100%-անոց մաքսատուրքեր կսահմանի ֆրանսիական գինիների և շամպայնի ներմուծման վրա։

Մերձավոր Արևելքի սրացման պատճառով ԵՄ-ն վառելիքի համար 41 մլրդ եվրոյի հավելյալ ծախս է արել

Տարածաշրջանային հակամարտությամբ պայմանավորված էներգակիրների թանկացման պատճառով Եվրամիության երկրները ստիպված են եղել նավթի և գազի գնման համար հսկայական հավելյալ միջոցներ հատկացնել։ Լրացուցիչ ծախսերի գծով առաջատարներն են Գերմանիան (€8.6 մլրդ), Իտալիան (€6.7 մլրդ) և Ֆրանսիան (€4.6 մլրդ)։

Եվրոպան խստացնում է օտարերկրյա ներդրումների վերահսկողությունը

Բրյուսելը նոր սահմանափակումներ է սահմանում՝ պարտադիր ստուգման ենթարկելով ոչ միայն երրորդ երկրների ուղղակի ներդրումները, այլև ԵՄ ներսում գործող այն ընկերությունների գործարքները, որոնք վերահսկվում են օտարերկրյա կապիտալի կողմից։ Այսպիսով փակվում է միջնորդ երկրների (օրինակ՝ Կիպրոսի կամ Լյուքսեմբուրգի) միջոցով ԵՄ շուկա մուտք գործելու մեխանիզմը։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը