ABNews

Հուլիսի 6-ի բիզնես լուրերը

Լուրեր | 2026/07/06 19:19

Հուլիսի 6-ի բիզնես լուրերը

ՏԵՂԱԿԱՆ

650 մլն դոլար է հատկացվում Դալմայի այգիների, մետրոյի նոր կայարանի և տրանսպորտի համար

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ խոշոր ներդրումային փաթեթ է ուղղվելու մայրաքաղաքի ենթակառուցվածքներին։ Ամենահասուն և մոտալուտ ծրագիրը Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումն է։ Քաղաքապետի խոսքով՝ տասնամյակներով նման նախագծեր չիրականացնելու պատճառով երկրից վերացել էր դրանց կառավարման կարողությունը, և ներկայիս ձգձգումները կապված են հենց այդ բացը լրացնելու հետ։

ՀՀ դատախազության քայլերի շնորհիվ կանխվել է 50 միլիոն եվրոյի տնտեսական վնաս. կիբեռխարդախը դատապարտվել է

Գերմանիայի դատարանը 7.5 տարվա ազատազրկման է դատապարտել միջազգային կիբեռխարդախության գլխավոր կազմակերպիչներից Մ.Բ.-ին, ում 2024-ին ՀՀ դատախազությունը հանձնել էր գերմանական կողմին։ Խմբավորումը «զանգերի կենտրոնների» և հատուկ ծրագրերի վաճառքի միջոցով 50 միլիոն եվրոյի ֆինանսական վնաս էր հասցրել քաղաքացիներին ու բիզնեսին։ Դատարանը որոշել է պետականացնել նաև հանցավոր ճանապարհով ստացված 2.4 միլիոն եվրոն։

Մշակող արդյունաբերությունը վերջին 9 տարում կրկնապատկվել է. Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Իննոպրոմ»-ին

Եկատերինբուրգում անցկացվող «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին ՀՀ վարչապետը ներկայացրել է տեղական արդյունաբերության դինամիկան։ 2025 թվականին ոլորտի աճը կազմել է 4.7%, իսկ 2026թ. առաջին 4 ամիսներին ցուցանիշն աճել է 13%-ով։ Փաշինյանն ընդգծել է, որ վերջին 9 տարում Հայաստանի մշակող արդյունաբերությունն աճել է ուղիղ երկու անգամ։

Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ. տարանցման նոր տվյալներ

Հայաստանի և Ռուսաստանի միջև բեռնափոխադրումները Ադրբեջանի երկաթուղային ցանցով շարունակվում են, և հաջորդիվ կփոխադրվի պրոպան գազ։ Հուլիսի 6-ի դրությամբ Ադրբեջանից Հայաստան արդեն ներկրվել է 14 հազար տոննա դիզվառելիք և 4 հազար տոննայից ավելի բենզին։ Բացի այդ, ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով տարանցիկ եղանակով Հայաստան է փոխադրվել ավելի քան 34 հազար տոննա հացահատիկ, մոտ 8 հազար տոննա պարարտանյութ, ալյումին, հնդկացորեն և անտրացիտ։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին

Նախարար Պապոյանը մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի 8-րդ նիստին։ Իր ելույթում նա ընդգծել է, որ այս ձևաչափը նպաստավոր հնարավորություն է ստեղծում Միության շրջանակներում համատեղ նախագծերի և արդյունաբերական ինտեգրման հետագա խորացման համար՝ ապահովելով անդամ բոլոր պետությունների շահերին համահունչ գործնական լուծումներ։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Bloomberg. Իրանի շուրջ հակամարտության պատճառով համաշխարհային տնտեսությունը կբախվի բարձր տոկոսադրույքների

Bloomberg գործակալության կանխատեսմամբ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ պատերազմի տնտեսական հետևանքները կհանգեցնեն բարձր առանցքային տոկոսադրույքների երկարատև շրջանի։ Էներգետիկ ճգնաժամով և Հորմուզի նեղուցում նավարկության դադարեցմամբ պայմանավորված գնաճային ռիսկերի պատճառով, սպասվում է, որ 2026 թվականի վերջում տոկոսադրույքը կկազմի 5.10%՝ նախկինում կանխատեսվող 4.41%-ի փոխարեն։

Հորմուզի նեղուցով նավագնացությունը հասել է ռեկորդային նվազագույնի

Օմանի ափերի երկայնքով նեղուցը հատող առևտրային նավերի թիվը նվազել է մինչև պատմական նվազագույն ցուցանիշ։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մի շարք խոշոր նավեր կտրուկ փոխել են իրենց ուղղությունը։ Հիշեցնենք, որ հունիսի 18-ի գիշերը Իրանն ու ԱՄՆ-ը հեռավար ստորագրել էին հուշագիր՝ փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտության ավարտի և նավագնացության վերականգնման ժամկետների վերաբերյալ։

ՄԱԿ-ը կոչ է անում գլոբալ վերահսկողություն սահմանել արհեստական բանականության նկատմամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը զգուշացրել է, որ ԱԲ-ն զարգանում է ավելի արագ, քան մարդկության արձագանքը։ Նա ընդգծել է, որ տեխնոլոգիան կարող է ամբողջությամբ վերաձևավորել աշխատաշուկան, տնտեսությունները և անվտանգային համակարգերը։ Գուտերեշը կոչ է արել հրատապ մշակել գլոբալ կանոններ ու սահմանափակումներ՝ սոցիալ-տնտեսական մեծ ռիսկերը նվազեցնելու համար։

Ճգնաժամ ավտոաշխարհում. Porsche-ն նախատեսում է կրճատել 4 հազար, իսկ Volkswagen-ը՝ 100 հազար աշխատատեղ

Գերմանական շքեղ ավտոմեքենաների արտադրող Porsche ընկերությունը, ծախսերի օպտիմալացման ծրագրով, պատրաստվում է կրճատել շուրջ 4,000 աշխատատեղ։ Այս կրճատումները տեղի են ունենում մայր ընկերության՝ Volkswagen-ի խորը ճգնաժամի ֆոնին, որը մտադիր է առաջիկա տարիներին ամբողջ աշխարհում իր 657,000 աշխատակիցներից կրճատել մինչև 100,000-ը։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը