ABNews

Հուլիսի 31-ի բիզնես լուրերը

Լուրեր | 2026/07/31 19:19

Հուլիսի 31-ի բիզնես լուրերը

ՏԵՂԱԿԱՆ

ՏԿԵ նախարարը Իրանի փոխարտգործնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Համիդ Ղանբարիին։ Քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցության հարցեր։ Նախարարը նշել է, որ Հայաստանի շինարարական աշխատանքներում իրանական ընկերությունների ներգրավվածությունը հասել է աննախադեպ ծավալների։ Կողմերն անդրադարձել են նաև Հայաստան–Իրան 400 կՎ էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության ընթացքին։

2026թ․ մայիսին ՀՀ ստացված մասնավոր փոխանցումների 74.2%-ը բաժին է ընկել Ռուսաստանին

Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2026թ․ մայիսին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ծավալը կազմել է 734.5 մլն դոլար, իսկ արտերկիր է փոխանցվել 377.7 մլն դոլար։ Ստացված դրամական միջոցների 74.2%-ը բաժին է ընկել Ռուսաստանի Դաշնությանը։

ԱՍՀ նախարարը Seaside Startup Summit-ում ներկայացրել է սոցիալական ոլորտի թվայնացման աշխատանքները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է Seaside Startup Summit Armenia 2026-ի «Government Day» միջոցառմանը։ Նախարարը ներկայացրել է պետական կառույցներում թվային լուծումների ներդրման գործընթացը և ընդգծել ժամանակակից թվային գործիքների կարևորությունը քաղաքացիներին արագ ու հասցեական սոցիալական ծառայություններ մատուցելու համար։

Քննարկվել է ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի ընթացքը

Տեղի է ունեցել ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի աշխատանքային խմբի հանդիպումը։ Ներկայացվել են Բնակչության պետական ռեգիստրի օրենսդրական բարեփոխումների, կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի ներդրման, կենսաչափական տվյալների պաշտպանության և փաստաթղթերի անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքները։

Էլեկտրոնային առևտրի օպերատորները ՊԵԿ-ին կներկայացնեն կիսամյակային հաշվետվություններ

Մշակվել է նախագիծ, որով սահմանվում է էլեկտրոնային առևտրի ապրանքների առանձնացված հաշվառման հաշվետվության ձևը և ներկայացման կարգը։ Ըստ նախագծի՝ էլեկտրոնային առևտրի օպերատորները հաշվետվությունները ՊԵԿ-ին կներկայացնեն կիսամյակային կտրվածքով (մինչև հաջորդող ամսվա 20-ը ներառյալ)՝ մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգի միջոցով։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՈՒԵՖԱ-ն և 55 ասոցիացիաները մերժել են ՖԻՖԱ-ի առաջարկը. Աշխարհի գավաթը վաճառքի ենթակա չէ

ՈՒԵՖԱ-ն և իր բոլոր 55 անդամ ասոցիացիաները հայտարարել են, որ պատրաստ են դադարեցնել եվրոպական հավաքականների մասնակցությունը Աշխարհի առաջնությանը, եթե ՖԻՖԱ-ն մրցաշարի իրավունքների 20%-ը վաճառի մասնավոր ներդրողներին։ ՈՒԵՖԱ-ն ընդգծել է, որ Աշխարհի գավաթը սպորտային ժառանգություն է, այլ նոր ոչ թե ներդրումային ապրանք։

Ռուսաստանը մինչև 2027թ. սկիզբը երկարաձգել է վառելիքի արտահանման ամբողջական արգելքը

Ռուսաստանի կառավարությունը ներքին շուկայում կայունությունն ապահովելու նպատակով երկարաձգել է բենզինի, դիզվառելիքի, նավային վառելիքի և գազային յուղերի արտահանման ժամանակավոր արգելքը։ Նոր սահմանափակումը կգործի 2026 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2027 թվականի հունվարի 31-ը։

Microsoft-ի ռեկորդային աճի ֆոնին ԱՄՆ ֆոնդային շուկան փակվել է աճով

Ամերիկյան ֆոնդային ինդեքսները հուլիսի 30-ին փակվել են զգալի աճով։ Ցուցանիշների աճի հիմնական դերակատարը Microsoft Corp.-ն էր, որի բաժնետոմսերն աճել են 15.5%-ով (ամենաբարձր ցուցանիշը 2008-ից ի վեր)՝ ամպային ծառայություններից ստացված մաքուր շահույթի 31% աճի հաշվին։ Դրական միտում են արձանագրել նաև Starbucks-ը, Yum! Brands-ը և Mastercard-ը։

Իլոն Մասկը հերքել է Tesla-ի չինական ստորաբաժանման վաճառքի մասին լուրերը

Իլոն Մասկը կտրուկ հերքել է WSJ-ի տարածած տեղեկությունները, թե Tesla-ն պատրաստվում է վաճառել իր չինական մասնաճյուղը կամ այն առանձնացնել որպես առանձին իրավաբանական կառույց։ Նա սուտ է անվանել լուրերը, թե չինական բիզնեսի օտարումը կապված է SpaceX-ի հետ սպասվող հնարավոր միաձուլման հետ։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը