ՏԵՂԱԿԱՆ
ՄԱԿ-ի Կայուն զարգացման 2026թ. վարկանիշ. Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում
ՄԱԿ-ի «Կայուն զարգացման մասին զեկույց — 2026»-ի համաձայն՝ Հայաստանը համաշխարհային աղյուսակում զբաղեցրել է 47-րդ հորիզոնականը՝ դառնալով առաջատարը Հարավային Կովկասում և առաջ անցնելով Թուրքիայից ու Ադրբեջանից։ Զեկույցում նշվում է սոցիալական անհավասարության կրճատման դրական դինամիկան, սակայն մտահոգիչ է էկոլոգիական ցուցանիշների անկումը։ ՄԱԿ-ն ընդգծում է՝ խաղաղությունը կայուն զարգացման պարտադիր պայմանն է։
Կոնյակի և օղու ակցիզային հարկը կնվազի, իսկ ծխախոտինը՝ կբարձրանա
Կառավարությունը նախատեսում է փոփոխել ակցիզային հարկի դրույքաչափերը։ Տեղական թորվածքների մրցունակությունը խթանելու նպատակով կրճատվելու է կոնյակի, ինչպես նաև մրգահատապտղային օղիների ակցիզային հարկը։ Փոխարենը՝ առաջարկվում է բարձրացնել ծխախոտային արտադրանքի հարկման դրույքաչափը, ինչը ֆիսկալ նպատակից բացի ուղղված է դեռահասների շրջանում վնասակար սպառման կրճատմանը։
Ջերմատների վարկերը կսուբսիդավորվեն․ ֆինանսական պարամետրերն ու պահանջները
Գործադիրը հաստատել է «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումներից տուժած ջերմատնային տնտեսությունների վարկերի սուբսիդավորման ծրագիրը։ 1 հեկտար և ավելի մակերես ունեցող ու 2026-ին արտադրանք իրացրած ընկերությունները (ԱՁ-ները) կարող են դիմել մինչև 100 մլն դրամ վարկի (1 հեկտարի հաշվարկով)։ Պետությունը սուբսիդավորումն իրականացնում է 12 տոկոսային կետով։ Դիմելու վերջնաժամկետն է 2026թ. սեպտեմբերի 1-ը։
Արտահանման պետական աջակցության ծրագիրն ընդլայնվել է. ցանկում ավելացել են նոր ապրանքներ
Թարմ պտուղ-բանջարեղենի, ծաղիկների, ալկոհոլի և հանքային ջրերի արտահանման փոխհատուցման գործիքակազմը կգործի նաև հուլիս ամսին։ Աջակցության ցանկը համալրվել է չերի լոլիկով, չորացրած մրգերով ու բանջարեղենով, ինչպես նաև իշխան և թառափ ձկնատեսակներով։ Բացի այդ, բարձրացվել է դեպի ԵՄ, Մեծ Բրիտանիա և Շվեյցարիա արտահանվող ծաղիկների փոխհատուցման չափը։
Ռուսական ցորենի նոր խմբաքանակը Հայաստան է փոխադրվել Ադրբեջանի երկաթուղային ցանցով
Հուլիսի 3-ին Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել 14 վագոն ցորեն։ Սա ընթացիկ ամսվա առաջին պլանավորված խմբաքանակն է տարանցիկ երթուղով։ Հիշեցնենք, որ հունիսի վերջին նույն ճանապարհով Հայաստան էր հասել 490 տոննա ռուսական ցորեն։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Դոնալդ Թրամփի եկամուտները 2025-ին ռեկորդային են դարձել ԱՄՆ նախագահների շրջանում
ԱՄՆ նախագահի անցած տարվա եկամուտները գերազանցել են 2.2 միլիարդ դոլարը, ինչն աննախադեպ ցուցանիշ է ամերիկյան առաջնորդների պատմության մեջ։ Աճին մեծապես նպաստել են կրիպտոարժութային ներդրումներն ու նախագծերը։ Ըստ Forbes-ի գնահատականների՝ 2026 թվականի մարտի դրությամբ Թրամփի ակտիվների ընդհանուր արժեքը հասել է մոտ 6.5 միլիարդ դոլարի։
Համաշխարհային կենտրոնական բանկերը մայիսին գնել են 41 տոննա ոսկի
Կենտրոնական բանկերի 89%-ն ակնկալում է, որ առաջիկա մեկ տարում ոսկու բաժինը համաշխարհային արժութային պահուստներում կաճի, իսկ 45%-ը ծրագրում է ավելացնել սեփական ոսկու պաշարները։ Մայիս ամսին ոսկու հիմնական վաճառողները եղել են Ռուսաստանը և Թուրքիան։
ԱՄՆ տնտեսությունը հունիսին ավելացրել է 57,000 աշխատատեղ, գործազրկությունը նվազել է
Հունիսյան տվյալներով՝ ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը նվազել է մինչև 4.2%։ Ժամային միջին աշխատավարձը տարեկան կտրվածքով աճել է 3.5%-ով՝ համապատասխանելով շուկայի սպասումներին։ Աշխատատեղերի ամենամեծ աճը գրանցվել է բիզնես ծառայությունների, առողջապահության և սոցիալական օգնության ոլորտներում։
ԵՄ-ն սահմանում է 3 եվրո վճար Չինաստանից ներմուծվող ցածրարժեք ապրանքների համար
Եվրոպական միությունը քայլեր է ձեռնարկում Shein, Temu և AliExpress հարթակների կողմից իրականացվող անբարեխիղճ մրցակցության դեմ։ Չինաստանից ներմուծվող ցածրարժեք ապրանքների համար, որոնք նախկինում ազատված էին տուրքերից, այսուհետ կգանձվի 3 եվրո վճար։ Սա ուղղված է եվրոպական մանրածախ առևտրի պաշտպանությանը։

