ABNews

Հուլիսի 29-ի բիզնես լուրերը

Լուրեր | 2026/07/29 19:19

Հուլիսի 29-ի բիզնես լուրերը

ՏԵՂԱԿԱՆ

Moody's-ը Հայաստանի վարկանիշի հեռանկարը վերանայել է «դրականի»

Moody's վարկանիշային գործակալությունը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը «կայունից» վերանայել է «դրականի»: Կենտրոնական բանկի փոխանցմամբ՝ որոշումը պայմանավորված է աշխարհաքաղաքական ռիսկերի նվազմամբ, արտաքին գործընկերների դիվերսիֆիկացմամբ, ներքաղաքական կայունությամբ և տնտեսության կառուցվածքային ներուժի ուժեղացմամբ:

2026թ. առաջին կիսամյակում ՀՀ բանկերի վճարած հարկերն աճել են 7.79%-ով

ՊԵԿ-ի տվյալներով՝ Հայաստանի առևտրային բանկերը 2026 թվականի առաջին կիսամյակում վճարել են շուրջ 316.9 միլիոն դոլարի հարկեր, ինչը 7.79%-ով գերազանցում է նախորդ տարվա համադրելի ցուցանիշը։ Բանկային համակարգի մասնաբաժինը 1000 խոշոր հարկատուների ընդհանուր մուտքերում կազմել է 10.47%:

2026-ի առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է 6.6 միլիարդ դրամ

Գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ 2026 թվականի առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է 6.6 միլիարդ դրամ, որից 1.16 միլիարդ դրամը փոխանցվել է Վերականգնված միջոցների միասնական հաշվին, իսկ 5.49 միլիարդ դրամը՝ Հարկ վճարողի միասնական հաշվին:

Հայաստանն ու Իրանը դիտարկում են «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ծավալների ընդլայնումը

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնել է, որ Հայաստանն ու Իրանը աշխատանքային խումբ են ստեղծել «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով փոխանակման ծավալներն ավելացնելու նպատակով: Նախարարի խոսքով՝ 400 կՎտ էլեկտրահաղորդման գծի կառուցումից հետո կողմերը հնարավորություն կունենան ավելի մեծ ծավալով էներգակիրներ փոխանցել և ընդունել:

Էկոնոմիկայի նախարար. «Ուզում ենք, որ ԵԱՏՄ-ն լինի, աշխատի և գործի»

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ընդգծել է ԵԱՏՄ շրջանակում ապրանքների, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովման կարևորությունը: Նա նշել է, որ այն ապրանքները, որոնք վաճառվում են ԱՄԷ-ում, ԵՄ-ում կամ Չինաստանում, չպետք է արհեստական խոչընդոտների հանդիպեն Ռուսաստանի Դաշնության շուկայում:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Apple-ը վերադարձրել է աշխարհի ամենաթանկ ընկերության տիտղոսը

Apple-ի բաժնետոմսերի աճի ֆոնին ընկերության շուկայական կապիտալիզացիան հասել է 4.94 տրիլիոն դոլարի՝ առաջ անցնելով Nvidia-ից (4.83 տրիլիոն դոլար): Վերլուծաբանները սա բացատրում են ներդրողների նախապատվության փոփոխությամբ դեպի այն ընկերությունները, որոնք ավելի հավասարակշռված մոտեցում ունեն AI ոլորտի ծախսերին:

Google-ն առաջին անգամ գրանցել է բացասական ազատ դրամական հոսք

Ֆոնդային բորսայում ցուցակվելուց ի վեր առաջին անգամ Google-ի (Alphabet) ազատ դրամական հոսքը 2-րդ եռամսյակում կազմել է -5.9 միլիարդ դոլար: Ցուցանիշի անկումը պայմանավորված է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման նպատակով կատարված կապիտալ ծախսերի կտրուկ աճով:

Ճապոնիայում 7.1 մագնիտուդով երկրաշարժից հետո կանգնել են խոշոր գործարանները

Հուլիսի 28-ին Կումամոտո պրեֆեկտուրայում տեղի ունեցած 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի պատճառով Կյուսյու կղզում արտադրությունը ժամանակավորապես դադարեցրել են այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Toyota-ն, Honda-ն և Sony-ն, ինչը կարող է ազդել ավտոմեքենաների և կիսահաղորդիչների գլոբալ մատակարարումների վրա:

Հնդկաստանում դոլարային միլիարդատերերի թիվը 5 տարում աճել է ավելի քան 4 անգամ

2026 թվականի մարտին ավարտված ֆինանսական տարվա հարկային հայտարարագրերի համաձայն՝ Հնդկաստանում դոլարային միլիարդատերերի թիվը հասել է 576-ի՝ նախկին 142-ի փոխարեն։ Այս ռեկորդային աճը վկայում է Հարավային Ասիայի խոշորագույն տնտեսություններից մեկում կապիտալի արագ կուտակման մասին:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը