ABNews

Հուլիսի 27-ի բիզնես լուրերը

Լուրեր | 2026/07/27 19:19

Հուլիսի 27-ի բիզնես լուրերը

ՏԵՂԱԿԱՆ

2026 թ. առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ տուողները վճարել են ավելի քան 1.1 տրիլիոն դրամ

ՊԵԿ-ի տվյալներով՝ 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե է վճարվել 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ (նախորդ տարվա 986 մլրդ 71 մլն դրամի դիմաց)։ Խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ)։

Քաղաքացիները կարող են լիազորել այլ անձի՝ իրենց փոխարեն եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար

ՊԵԿ-ը հայտնում է, որ հայտարարատու քաղաքացիներն այսուհետ կարող են լիազորել այլ անձի՝ իրենց փոխարեն տարեկան եկամուտների հայտարարագիրը լրացնելու և ներկայացնելու համար։ Լիազորված անձը կկարողանա մուտք գործել համակարգ, կատարել անհրաժեշտ ձևակերպումները, ինչպես նաև ներկայացնել սոցիալական ծախսերի փոխհատուցման դիմումներ, ինչը հատկապես հարմար է արտերկրում գտնվողների համար։

Վրաստանից արտահանված լոլիկի ավելի քան 70%-ը մատակարարվել է Հայաստան

2026 թվականի առաջին կիսամյակում Վրաստանից արտահանվել է 1.9 միլիոն դոլարի լոլիկ, որի հիմնական սպառողական շուկան դարձել է Հայաստանը։ Հաշվետու ժամանակահատվածում Հայաստան է մատակարարվել 888 տոննա վրացական լոլիկ՝ 1.4 միլիոն դոլար ընդհանուր արժեքով։

ՌԴ-ից յուղազերծ չոր կաթի արտահանումն աճել է 74%-ով. Հայաստանը խոշորագույն գնորդների թվում է

2026 թվականի առաջին 5 ամիսներին Ռուսաստանից յուղազերծ չոր կաթի արտահանման ծավալները բնական արտահայտությամբ աճել են 74%-ով՝ գերազանցելով 6 հազար տոննան (15 մլն դոլար)։ Ռուսական չոր կաթի հիմնական գնորդների առաջատար հնգյակում ընդգրկվել են Ալժիրը, Ղազախստանը, Հայաստանը, Եգիպտոսը և Ուզբեկստանը։

ԱՄՆ դեսպանությունը ներկայացրել է ներգաղթային վիզայի դիմելու հիմնական քայլերը

ԱՄՆ դեսպանությունը պարզաբանել է ներգաղթային վիզայի ստացման ընթացակարգը, որը մեկնարկում է ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայություն (USCIS) դիմում ներկայացնելով: Հաստատումից և Վիզաների ազգային կենտրոնում (NVC) փաստաթղթավորումն ավարտելուց հետո նշանակվում է հարցազրույց: Դեսպանությունից ընդգծում են, որ USCIS-ի հաստատումը դեռևս չի երաշխավորում վիզայի տրամադրում, քանի որ վերջնական որոշումը կայացնում է հյուպատոսը:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Bloomberg. Եվրոպային ձմռանը սպառնում է գազի դեֆիցիտ և գների զգալի աճ

Bloomberg-ի փոխանցմամբ՝ Եվրոպան առաջիկա ձմռանը կարող է բախվել գազի գների կտրուկ աճի, քանի որ ստորգետնյա պահեստարանների պաշարները հասել են վերջին չորս տարվա նվազագույն մակարդակին։ Իրավիճակը բարդացել է Մերձավոր Արևելքում ընթացող ռազմական գործողությունների և Պարսից ծոցից մատակարարումների կրճատման պատճառով, ինչի հետևանքով թրեյդերները հետաձգել էին նոր ծավալների գնումները։

2035 թվականին ԱՄՆ տվյալների կենտրոնները կսպառեն երկրի էլեկտրաէներգիայի 20%-ը

Bloomberg-ի հաշվարկներով՝ արհեստական բանականության (AI) զարգացմամբ պայմանավորված՝ ԱՄՆ-ում տվյալների մշակման կենտրոնների էլեկտրաէներգիայի սպառման մասնաբաժինը ներկայիս 5.9%-ից 2035 թվականին հասնելու է 20%-ի։ Փորձագետները հայտնում են, որ նման արագ աճը մեծ ճնշում է գործադրում էլեկտրացանցերի վրա և կարող է հանգեցնել էներգիայի պակասուրդի։

2025 թվականին Եվրամիությունում աշխատող միգրանտների մասնաբաժինը հասել է ռեկորդային 68.2%-ի

Եվրոպական Միությունում աշխատող միգրանտների մասնաբաժինը 2025 թվականին հասել է պատմական ամենաբարձր՝ 68.2% ցուցանիշին։ Աճը հիմնականում արձանագրվել է ԵՄ անդամ չհանդիսացող երկրներից ժամանած աշխատուժի հաշվին, իսկ զբաղվածության ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Մալթայում, Չեխիայում, Իռլանդիայում և Գերմանիայում։

Չինաստանը նախատեսում է 53%-ով ավելացնել հողմային և արևային էներգիայի արտադրությունը

Չինաստանի իշխանությունները ներկայացրել են վերականգնվող էներգետիկայի զարգացման նոր ծրագիր, որով առաջիկա հինգ տարում նախատեսվում է հողմային և արևային էներգիայի արտադրությունն ավելացնել 53%-ով։ Ծրագրի համաձայն՝ մինչև 2030 թվականը վերականգնվող աղբյուրները պետք է ապահովեն էլեկտրաէներգիայի սպառման 20%-ը պահանջարկի կտրուկ աճի ժամանակահատվածներում։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը