1. «Ռոսսելխոզնադզոր»-ն արգելել է Հայաստանից կաթնամթերքի ներկրումը Ռուսաստան
Ռուսական կողմը հուլիսի 14-ից 21-ն անցկացված ստուգումներից հետո որոշում է կայացրել սահմանափակել հայկական կաթնամթերքի մատակարարումները:
Խախտումները. Ստուգումների ընթացքում արձանագրվել են նույն խախտումները, ինչ 2023-2024 թվականներին: «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդմամբ՝ բացահայտվել են վարակված անասուններից ստացված կաթի օգտագործման դեպքեր Ռուսաստան արտահանվող արտադրանքի մեջ:
2. Գագիկ Ծառուկյանը դարձյալ Քննչական կոմիտեում է. աջակիցները հավաքվել են շենքի մոտ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե:
Մեղադրանքը. Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման մեջ՝ իրանցի գործարարների ավելի քան 21 մլն դոլարի գույքի հափշտակության գործով:
Պաշտպանական կողմը. Փաստաբանները պնդում են, որ իրանցի գործարարներն են պարտք Ծառուկյանին, և առկա են հաստատող փաստաթղթեր, որ նույն անձինք Իրանում արդեն դատապարտվել են և պարտավորվել վճարել այդ գումարը:
3. Մուրացանի փողոցի աղմկահարույց սպանության գործով հետախուզվողները ձերբակալվել են Դիլիջանում
Ոստիկանության ծառայողները Դիլիջանում հայտնաբերել և ձերբակալել են Երևանի Մուրացանի փողոցում հուլիսի 18-ին տեղի ունեցած հանցագործության մեջ մեղադրվող 2 հետախուզվողներին:
Դեպքի մանրամասները. Հուլիսի 18-ին հնչել էր ավելի քան 30 կրակոց, ինչի հետևանքով սպանվել էր 20-ամյա Վահե Մկրտչյանը, իսկ 15-ամյա պատանին՝ վիրավորվել: Դեպքի վայրում հայտնաբերվել էր նաև չպայթած նռնակ:
4. Վրաստանի ամբողջ տարածքում էլեկտրամատակարարման մասշտաբային անջատում է գրանցվել
Անցած գիշեր Վրաստանի ողջ տարածքում մեկ ժամով դադարեցվել է էլեկտրամատակարարումը, ինչի պատճառով խափանվել է նաև ջրամատակարարման պոմպակայանների աշխատանքը:
Պատճառները. Լրատվամիջոցներում շրջանառվող՝ Վրաստան-Թուրքիա բարձրավոլտ գծի վթարի մասին լուրերը Վրաստանի պետական էլեկտրահամակարգը հերքել է: Վթարի հստակ պատճառները պարզվում են, էներգամատակարարումն արդեն վերականգնվել է Թբիլիսիում և մյուս քաղաքներում:

