ABNews

Հուլիսի 24-ի բիզնես լուրերը

Լուրեր | 2026/07/24 19:19

Հուլիսի 24-ի բիզնես լուրերը

ՏԵՂԱԿԱՆ

2026-ի առաջին կիսամյակում ՀՀ պետբյուջեի եկամուտներն աճել են 210.1 մլրդ դրամով

Ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2026 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,643 մլրդ դրամ՝ 14.7%-ով (210.1 մլրդ դրամ) գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Բյուջեի ծախսերը կազմել են 1,576 մլրդ դրամ, իսկ կիսամյակն ամփոփվել է 67.3 մլրդ դրամ հավելուրդով։

ՀՀ առևտրային բանկերի վարկային պորտֆելը մայիսի վերջին գերազանցել է 8.6 տրիլիոն դրամը

Կենտրոնական բանկի փոխանցմամբ՝ 2026 թվականի մայիսի վերջի դրությամբ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկերը կազմել են 8.6 տրիլիոն դրամ։ Վարկային պորտֆելում խոշորագույն մասնաբաժինն ունեն դրամով տրամադրված սպառողական և հիփոթեքային վարկերը, իսկ տնտեսության ոլորտներից հիմնական ուղղություններն են եղել շինարարությունը, սպասարկումը, առևտուրն ու արդյունաբերությունը։

Binance-ը պարզեցնում է ԱՄՆ դոլարով գործարքները Հայաստանի օգտատերերի համար

Կրիպտոարժութային Binance բորսան ընդլայնում է Հայաստանի օգտատերերի համար ԱՄՆ դոլարով (USD) հաշիվների համալրման և միջոցների դուրսբերման հնարավորությունները։ Օգտատերերն այժմ կարող են անմիջապես ֆիատ դրամապանակից USD մուտքագրել, փոխարկել կրիպտոարժույթների և իրականացնել հակառակ գործարքները։

«Ռոսսելխոզնադզորը» հուլիսի 27-ից սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը

Ռուսական «Ռոսսելխոզնադզոր» գերատեսչությունը հայտարարել է, որ հուլիսի 27-ից սահմանափակումներ կկիրառի Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի մատակարարումների նկատմամբ։ Ավելի վաղ ընդլայնվել էին նաև հայկական ձկնամթերքի ներմուծման սահմանափակումները։ Որոշման պատճառների վերաբերյալ պաշտոնական հստակեցումներ դեռևս չեն ներկայացվել։

ՆԳՆ-ն զգուշացնում է iMessage-ով «ՃՈ»-ի անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին

ՀՀ ներքին գործերի նախարարությունը քաղաքացիներին զգուշացնում է iMessage հավելվածով «Ճանապարհային Ոստիկանության» անունից ստացվող կեղծ հաղորդագրությունների մասին։ Գերատեսչությունից հայտնում են, որ դրանց նպատակը ֆինանսական միջոցներ հափշտակելն է, և հորդորում են անտեսել դրանք ու արգելափակել ուղարկողի տվյալները։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Դոնալդ Թրամփը 10%-ից 12.5% նոր մաքսատուրքեր է սահմանում 60 առևտրային գործընկերների նկատմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է 10%-ից մինչև 12.5% չափով նոր մաքսատուրքեր սահմանելու մասին այն 60 առևտրային գործընկերների նկատմամբ, որոնց բաժին է ընկնում ամերիկյան ներմուծման 99%-ը։ Նոր դրույքաչափերն ուժի մեջ են մտնում հուլիսի 24-ից՝ փոխարինելով նախկինում գործող ժամանակավոր 10%-անոց մաքսատուրքերին։

Թրամփ. Նավերին պատճառված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում սառեցված իրանական ակտիվներից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռազմական գործողությունների ընթացքում առևտրանավերին և բեռներին պատճառված վնասները փոխհատուցվելու են ԱՄՆ վերահսկողության տակ գտնվող սառեցված իրանական ակտիվների հաշվին՝ այդ քայլն անվանելով արդարացված և հիմնավորված։

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի նկատմամբ

Եվրոպական Միությունը պատժամիջոցների 21-րդ փաթեթի շրջանակում սև ցուցակում է ներառել Վրաստանի Կուլևիի նավահանգստի նավթավերամշակման գործարանը։ Ըստ ԵՄ հիմնավորման՝ գործարանը մասնակցում է ռուսական նավթի վերամշակմանն ու առևտրին՝ նպաստելով սահմանափակումների շրջանցմանը։ Արգելքն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 25-ից։

ԱՄՆ Սենատը դիտարկում է չինական մասնաբաժին ունեցող ավտոարտադրողների, այդ թվում՝ Mercedes-Benz-ի սահմանափակումները

ԱՄՆ Սենատի առևտրի կոմիտեն հավանություն է տվել օրինագծին, որը խստացնում է պահանջները չինական կապիտալով ավտոարտադրողների նկատմամբ։ Օրենքի ընդունման դեպքում սահմանափակումները կարող են տարածվել նաև Mercedes-Benz-ի վրա։ Ընկերությունից հայտնել են, որ պատրաստ են հաշվի առնել օրենսդրական պահանջները՝ պահպանելով իրենց աշխատակիցների և գործընկերների շահերը։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը