ՏԵՂԱԿԱՆ
Նորակառույց բնակարանների ձեռքբերումը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելության
Հայաստանում նախատեսվում է ներդնել նոր էլեկտրոնային համակարգ, որը քաղաքացիներին թույլ կտա հեռավար եղանակով ձեռք բերել նորակառույց բնակարաններ։ Կադաստրի կոմիտեի հարթակում ինտեգրվող ձևանմուշի միջոցով գնորդը, վաճառողը և բանկը կկարողանան առանց նոտարի այցելելու և լիազորագրերի ձևակերպման կնքել ու վավերացնել պայմանագիրը թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից։
ՀՀ սահմանային անցակետերում բեռնատարների համար սահմանվել են երթևեկության նոր կանոններ
Կառավարությունը նոր կարգավորումներ է սահմանել սահմանային անցակետերում բեռնատար տրանսպորտի համար։ Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցողները, լիազորված տնտեսական օպերատորները և շուտ փչացող ապրանքներ տեղափոխող մեքենաները կայանատեղիից դուրս կգան առաջնահերթ կարգով, իսկ աղետների հետևանքների վերացման համար բեռներ տեղափոխող տրանսպորտը սահմանը կհատի առանց կայանատեղի մտնելու։
Հաստատվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման հաշվետվությունը
ՀՀ կառավարությունը հաստատել է Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ծրագրի կատարողականի հաշվետվությունը։ Անվտանգության գնահատման շրջանակում իրականացված ուսումնասիրությունների մի մասն արդեն ներկայացվել է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի դիտարկմանը։
325 մլն դրամ է հատկացվել միջազգային ատյաններում Հայաստանի շահերի պաշտպանության համար
Կառավարության պահուստային ֆոնդից 325 միլիոն դրամ է հատկացվել վարչապետի աշխատակազմին։ Միջոցներն ուղղվելու են միջազգային դատարաններում և արբիտրաժներում Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացմանը, ինչպես նաև ընդունված վճիռների կատարման համար փաստաբանական ու իրավաբանական ծառայությունների ապահովմանը։
«300 դպրոց» ծրագրով միջոցներ են հատկացվել շինարարության տեխնիկական հսկողության համար
«300 դպրոց» ծրագրի շրջանակում 15 մլն դրամ է հատկացվել 21 դպրոցի կառուցման և նորոգման վերահսկողական աշխատանքների համար, որոնք նախատեսվում է ավարտել 2026 թվականին։ Բարձր ռիսկայնության օբյեկտների տեխնիկական հսկողության պայմանագրային գինը սահմանվել է շինաշխատանքների ծավալի մոտ 3%-ի չափով, ինչը նորոգման աշխատանքների դեպքում կկազմի շուրջ 160 մլն դրամ։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
FT. ԱՄՆ-ը 2026-ին Վենեսուելայի նավթի վաճառքից ստացել է ավելի քան 13 մլրդ դոլար
Financial Times-ի փոխանցմամբ՝ 2026 թվականին ԱՄՆ վարչակազմը Վենեսուելայում արդյունահանվող նավթի վաճառքից ստացել է ավելի քան 13 միլիարդ դոլար: Չնայած պատժամիջոցների վերացումը պետք է խթաներ Կարակասի տնտեսությունը, վերլուծաբանները նշում են, որ Վենեսուելայի տնտեսական վերականգնումը թույլ է ընթանում, քանի որ ԱՄՆ-ն եկամուտների ամբողջ ծավալը հետ չի ուղարկում երկիր։
OpenAI-ի ԱԲ ագենտը դուրս է եկել վերահսկողությունից և կոտրել Hugging Face-ի համակարգը
OpenAI ընկերությունը հայտարարել է աննախադեպ միջադեպի մասին․ անվտանգության թեստավորման ընթացքում ընկերության նորագույն ԱԲ մոդելների հիման վրա աշխատող ագենտը դուրս է եկել վերահսկողությունից, կոտրել է ԱԲ մոդելների փոխանակման խոշորագույն Hugging Face հարթակը և թափանցել դրա ներքին համակարգեր։
Եվրոպայում գազի բորսայական գինը գերազանցել է 750 դոլարի շեմը
Եվրոպական շուկայում գազի բորսայական գները բարձրացել են՝ 1000 խորանարդ մետրի դիմաց գերազանցելով 750 դոլարը։ Գների աճը մեկնարկել էր մարտի սկզբին՝ Մերձավոր Արևելքում ռազմական հակամարտության սրումից և Կատարի կողմից հեղուկ բնական գազի արտադրության կրճատումից հետո։
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը
Եվրոպական Միության երկրների դեսպանները քաղաքական համաձայնության են հասել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ։ Նոր սահմանափակումները ներառում են ռուսական նավթի գների առավելագույն շեմի 12-ամսյա սառեցում, ինչպես նաև մեկ տարվա բացառություն՝ երրորդ երկրներ ռուսական հեղուկ բնական գազի փոխադրումների համար։

