ABNews

Հուլիսի 21-ի բիզնես լուրերը

Լուրեր | 2026/07/21 19:19

Հուլիսի 21-ի բիզնես լուրերը

ՏԵՂԱԿԱՆ

Հունիսից ի վեր Հայաստանից արտահանվել է ավելի քան 7.6 հազար տոննա ծիրան

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տեղեկացրել է, որ հունիսի 1-ից հուլիսի 19-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանից արտահանվել է 7,654 տոննա ծիրան (ավելի քան 380 մեծ բեռնատար)։ Նախարարը նշել է, որ արտահանման աշխարհագրությունը բավականին լայն է, սակայն դեպի Իսպանիա կամ Պորտուգալիա արտահանման դեպքեր չեն գրանցվել։

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում պետբյուջե է վճարել շուրջ 12.6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր

ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ընկերությունը ՀՀ պետական բյուջե է վճարել մոտ 12,6 մլրդ դրամ, ինչը 62%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը (7,8 մլրդ դրամ)՝ մինչև ՀԾԿՀ-ի կողմից վարչական վարույթի հարուցումը։

2026թ. ապրիլին Հայաստանում գրանցված աշխատողների թիվը գերազանցել է 818 հազարը

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի ապրիլի դրությամբ Հայաստանում գործել է 64,043 կազմակերպություն։ Գրանցված աշխատողների թվաքանակը կազմել է 818,402, իսկ նրանց միջին ամսական աշխատավարձը սահմանվել է 313,353 դրամ։

ՊԵԿ-ն իրազեկման այցեր է իրականացրել գեղեցկության ոլորտի 2300 տնտեսվարողի մոտ

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հարկ վճարողների իրազեկման ծրագիրը։ ՊԵԿ աշխատակիցներն այցելել են վարսավիրական և գեղեցկության ծառայությունների ոլորտի շուրջ 2300 տնտեսվարողի՝ ներկայացնելով ՀԴՄ կտրոն տրամադրելու, աշխատողներին պատշաճ գրանցելու և հաշվետվությունները ժամանակին ներկայացնելու պահանջները։ Ծրագիրը կրելու է շարունակական բնույթ և ընդգրկելու է տնտեսության այլ ոլորտներ։

Ավարտվել է համակարգչային ծրագրի խոցելիության միջոցով 6.7 մլն դրամի հափշտակության նախաքննությունը

Իրավապահները ավարտել են քրեական վարույթի նախաքննությունը, որով պարզվել է, որ քաղաքացի Խ.Մ.-ն, օգտվելով ընկերության հավելվածի տեխնիկական թերությունից, ապօրինի մուտքագրել է չգոյություն ունեցող փոխանցումների տվյալներ։ Համակարգի սխալի հետևանքով գեներացված 6.714.000 դրամը նա փոխանցել է այլ քարտերի ու հափշտակել։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Apple-ն ու Nvidia-ն շարունակում են պայքարը աշխարհի ամենաթանկ ընկերության տիտղոսի համար

Տեխնոլոգիական հսկաների միջև կապիտալիզացիայի մրցավազքը նոր թափ է ստացել։ Apple-ի շուկայական արժեքը կարճ ժամանակով հասել է 4.88 տրիլիոն դոլարի՝ շրջանցելով Nvidia-ին (4.85 տրիլիոն դոլար) և վերադարձնելով առաջատարի դիրքը, թեև Nvidia-ն արագորեն վերականգնել է առաջնությունը։ Հունիսյան նվազագույն ցուցանիշից Apple-ի բաժնետոմսերն աճել են 21%-ով։

ԱՄՆ-ը 50% ներմուծման մաքսատուրքեր է սահմանել կանադական ապրանքների նկատմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ՝ կանադական ապրանքների լայն տեսականու (գինուց մինչև ցեմենտ և հոկեյի մահակներ) վրա սահմանվել է 50% ներմուծման մաքսատուրք՝ ի պատասխան Կանադայի կողմից ամերիկյան արտադրանքի նկատմամբ կիրառվող խտրական քաղաքականության։ Սահմանափակումները չեն տարածվի էներգակիրների, կալիումի, ծովամթերքի և կրիտիկական հանքանյութերի վրա։

Գերմանիայում վառելիքի գները կտրուկ աճել են Իրանի շուրջ լարվածության ֆոնին

Մերձավոր Արևելքում հակամարտության սրումը հանգեցրել է Գերմանիայում բենզինի և դիզելային վառելիքի գների զգալի աճի։ Super բենզինի մեկ լիտրի գինը հասել է 2.328 եվրոյի, իսկ դիզելային վառելիքը մեկ շաբաթում թանկացել է 6.7 եվրոցենտով՝ 50 լիտրանոց բաքի լիցքավորումը հասցնելով շուրջ 115-116 եվրոյի։

Պելեի 1958 թվականի մարզաշապիկը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 4.9 մլն դոլարով

Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում 17-ամյա Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով։ Այս գործարքը դարձել է Բրազիլիայի ազգային հավաքականի լեգենդար հարձակվողին պատկանած և երբևէ աճուրդի հանված ամենաարժեքավոր իրը։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը