ABNews

2026թ.-ի հուլիս ամսվա բորսայական տվյալներն ամփոփ

Լուրեր | 2026/08/07 15:27

2026թ.-ի հուլիս ամսվա բորսայական տվյալներն ամփոփ

Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) ամփոփել է 2026 թվականի հուլիս ամսվա շուկայական տվյալները։ Ամսվա ընթացքում պահպանվել է դինամիկ առևտրային միջավայրը՝ ընդգծելով ներդրողների աճող վստահությունը և շուկայական ակտիվությունը։

Հուլիսին Հայաստանի ֆոնդային բորսայի պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման հարթակում տեղաբաշխվել է ավելի քան 87․1 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս, իսկ երկրորդային շուկայում իրականացվել է 70 գործարք՝ ավելի քան 25․8 մլրդ ՀՀ դրամ ծավալով, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ 759%-ով։

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գրանցվել է առևտրի ծավալի 118% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ կազմելով ավելի քան    16․5 մլրդ ՀՀ դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 1798 գործարք՝ հուլիսի վերջի դրությամբ բորսայում շրջանառվող 208 կորպորատիվ պարտատոմսերով։ Ընթացիկ ամսում իրականացվել է կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ, որի ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 2․3 մլրդ ՀՀ դրամ։ Այս կայուն աճը արտացոլում է կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ առողջ պահանջարկը։

Բաժնետոմսերի շուկայում առևտրի ծավալը կազմել է ավելի քան 207․4 մլն ՀՀ դրամ, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ ավելի քան 426 մլրդ ՀՀ դրամ։ Բաժնետոմսերով կնքվել է 250 գործարք։

Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 32.1 մլրդ ՀՀ դրամ: Հուլիս ամսին կնքվել է 218 ռեպո գործարք, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ 548%-ով։

Հուլիսին ՀՖԲ արտարժույթի շուկայում իրականացվել է ԱՄՆ դոլարի փոխանակման 6 գործարք՝ ավելի քան 779․2 մլն ՀՀ դրամ ծավալով։ Ամսվա ընթացքում փոխարժեքի գինը ձևավորվել է 367-ից 367․9 դրամի միջակայքում։

Ամսական տվյալների համեմատական գրաֆիկները կարող եք տեսնել AMX-ի պաշտոնական կայքում:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը