ՏԵՂԱԿԱՆ
Հայաստանն առաջին անգամ Եվրոպական միություն ձուկ և ձկնամթերք արտահանելու թույլտվություն է ստացել
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ Հայաստանն առաջին անգամ իրավունք է ստացել Եվրոպական միության երկրներ արտահանել ձուկ և ձկնամթերք։ Եվրոպական կողմից ստացվել են բոլոր անհրաժեշտ թույլտվությունները, ինչպես նաև ընդունվել են արտահանման ընթացակարգերն ապահովող ներպետական կարգավորումները, ինչը հայկական արտադրանքի համար նոր շուկաներ է բացում։
Հայկական ծաղիկները սկսել են արտահանվել Արաբական Միացյալ Էմիրություններ
Ռուսական «Ռոսսելխոզնադզորի» կողմից մայիսից մտցված սահմանափակումներից հետո Հայաստանին հաջողվել է ծաղկային արտադրանքի արտահանման նոր ուղղություն բացել։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տեղեկացրել է, որ հայկական ծաղիկներն արդեն արտահանվում են ԱՄԷ՝ հատուկ շնորհակալություն հայտնելով ԱՄԷ-ում ՀՀ դեսպանի տնտեսական գծով խորհրդական Հայկ Մխիթարյանին։
Առևտրային բանկերի վարկային պորտֆելն աճել է 25.2%-ով՝ հասնելով 8.5 տրիլիոն դրամի
2026 թվականի մայիսի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի տրամադրած վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 8,594,778 մլն դրամ՝ նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ ավելանալով 25.2%-ով։ Վարկավորման կառուցվածքում գերակշռում են ռեզիդենտներին ՀՀ դրամով հատկացված միջոցները, թեև բարձր աճի տեմպ է արձանագրվել նաև արտարժութային վարկերի մասով։
Երևանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը և նոր հանգույցներին
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ համայնքային բյուջեի հավելյալ միջոցներն ուղղվելու են ճանապարհների հիմնանորոգմանն ու նոր ճանապարհային հանգույցների կառուցմանը։ Միևնույն ժամանակ, քաղաքապետարանը նախատեսում է ներգրավել արտաքին մասնագետների՝ համայնքային ծախսերի արդյունավետությունը վերանայելու համար։
Էկոնոմիկայի փոխնախարարը հերքել է Հայաստանից Իսպանիա ծիրան արտահանելու մասին լուրերը
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը պարզաբանել է մամուլում տարածված այն լուրերը, թե Հայաստանից Իսպանիա արտահանված ծիրանը ճանապարհին փչացել է։ Փոխնախարարի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետությունից դեպի Իսպանիա ծիրանի արտահանում ընդհանրապես չի իրականացվել։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
WSJ. Իրանը զինադադարի ընթացքում 5-6 մլրդ դոլարի նավթ է վաճառել
The Wall Street Journal-ի տվյալներով՝ ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Թեհրանն արտահանել է շուրջ 70 մլն բարել նավթ՝ վաստակելով 5-6 միլիարդ դոլար։ Պատժամիջոցները շրջանցելու նպատակով իրանական լցանավերը Մալայզիայի ջրերում նավթը բեռնաթափում են այլ նավերի վրա, որոնք այնուհետև հումքը հասցնում են Չինաստանի մասնավոր նավթավերամշակման գործարաններ։
ԱՄՆ Կոնգրեսում քննարկվում է ռուսական նավթի գնորդների նկատմամբ 100% մաքսատուրքեր սահմանելու օրինագիծը
ԱՄՆ Կոնգրես ներկայացված նոր օրինագիծը նախատեսում է Սպիտակ տան ղեկավարին իրավունք տալ մինչև 100% մաքսատուրքեր սահմանել ռուսական նավթի և գազի խոշորագույն հինգ գնորդ երկրների ապրանքների նկատմամբ։ Վերլուծաբանները նշում են, որ այս մեխանիզմը Ռուսաստանի դեմ պայքարից զատ կարող է օգտագործվել նաև երրորդ երկրների վրա ճնշում գործադրելու համար։
The Guardian. ՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ից ռեկորդային՝ 15 մլրդ դոլարի հասույթ կգրանցի
The Guardian-ի փոխանցմամբ՝ ՖԻՖԱ-ն պատրաստվում է հայտարարել Աշխարհի առաջնությունից ստացված 15 միլիարդ դոլար հասույթի մասին, ինչը էապես գերազանցում է նախնական 11 միլիարդի կանխատեսումը։ Եկամուտների ռեկորդային աճն ապահովել են հյուրանոցային ծառայություններն ու տոմսերի վերավաճառքը, ինչը կօգնի Ջանի Ինֆանտինոյին ամրապնդել դիրքերը ֆեդերացիայի նախագահի առաջիկա ընտրություններում։
Ֆրանսիան մինչև 2027 թվականը նախատեսում է զսպել պետական ծախսերի աճը
Ֆրանսիայի ֆինանսների նախարարությունը հայտարարել է 2027թ. պետական ծախսերի աճը սահմանափակելու ծրագրերի մասին, քանի որ պաշտպանության և պետական պարտքի սպասարկման ծախսերը կտրուկ ավելանում են։ Հաջորդ տարի պետական ընդհանուր ծախսերը կհասնեն 708.4 միլիարդ եվրոյի, ուստի գերատեսչություններին հանձնարարվել է ծախսերի աճը պահել գնաճի մակարդակից ցածր։

