ՏԵՂԱԿԱՆ
Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նոր կենսաչափական անձնագրերի տպագրության մեկնարկի մասին՝ այն որակելով որպես աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկը։ Նոր համակարգի ներդրման նպատակն է ապահովել անձնագրերի համապատասխանությունը միջազգային բարձր չափանիշներին, մասնավորապես՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) պահանջներին։
Հայաստանը «Ֆայրբըրդ ԷյԱյ»-ից 25 մլն դոլարի հաշվողական ռեսուրսներ ձեռք կբերի՝ ԱԲ-ի զարգացման համար
ՀՀ կառավարությունը նախատեսում է հնգամյա ժամկետով 25 միլիոն ԱՄՆ դոլարի բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ ձեռք բերել «Ֆայրբըրդ ԷյԱյ» (Firebird AI) ընկերությունից։ Ծրագրի նպատակն է երկրում զարգացնել արհեստական բանականության ենթակառուցվածքները։ Ֆինանսավորման համար 2026թ. պետբյուջեում կկատարվի վերաբաշխում՝ ՏՏ ոլորտի պետական աջակցության միջոցներից առաջին փուլով ուղղելով 957.8 միլիոն դրամ։
Կառավարությունը 8 համայնքներում սուբվենցիոն ծրագրերի համար կհատկացնի ավելի քան 1 մլրդ դրամ
Գործադիրի որոշմամբ՝ 1 միլիարդ 34 միլիոն 715 հազար դրամ կհատկացվի Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերի ութ համայնքներում (Արտաշատ, Արաքս, Գավառ, Փամբակ, Ալավերդի, Սիսիան, Նոյեմբերյան և Իջևան) իրականացվող թվով ինը սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակով։
Պետությունը կընդլայնի լրավճար ստացող բնագիտական և ՏՏ առարկաների ուսուցիչների շրջանակը
Կառավարությունը նախատեսում է պետական լրավճար տրամադրել բնագիտական, թվային և հաղորդակցական տեխնոլոգիաների ուղղությամբ դասավանդող այն ոչ վարչական մանկավարժներին, որոնք համատեղությամբ իրականացնում են դասավանդում։ Փոփոխության արդյունքում շահառուների թիվը կավելանա 1,129-ով, ինչի համար պետբյուջեից տարեկան լրացուցիչ կպահանջվի 42.6 միլիոն դրամ։
ՀԷՑ-ը շուրջ 2 միլիարդ դրամի վերանորոգման աշխատանքների համար կապալառու է փնտրում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն հայտարարել է կապալառու կազմակերպության ընտրության գործընթաց՝ շուրջ 2 միլիարդ դրամ նախնական արժեքով։ Նախատեսվում է իրականացնել բազմաբնակարան շենքերի մուտքերի էլեկտրատնտեսությունների, արտադրական շենքերի, ինչպես նաև ենթակայանների տանիքների վերանորոգման և հասցեական այլ ծրագրեր։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄԷ-ում նավթի արդյունահանումը ՕՊԵԿ-ից դուրս գալուց հետո աճել է 80%-ով
Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) պաշտոնապես տեղեկացրել է, որ հունիսին երկրում հում նավթի արդյունահանումն աճել է 80%-ով՝ հասնելով օրական 3.8 միլիոն բարելի (մայիսի համեմատ ավելանալով 1.71 միլիոն բարելով): Այս կտրուկ թռիչքը հաջորդել է մայիսի սկզբին ՕՊԵԿ-ից դուրս գալու Աբու Դաբիի որոշմանը, որը պայմանավորված էր կազմակերպության կողմից սահմանված արդյունահանման սահմանափակումներից դժգոհությամբ։
ԱՄՆ պետական պարտատոմսերի եկամտաբերությունը կտրուկ նվազել է գնաճի դանդաղման ֆոնին
Հունիսին ԱՄՆ-ում սպառողական գների ինդեքսը (CPI) տարեկան կտրվածքով աճել է 3.5%-ով՝ դանդաղելով մայիսի 4.2%-ից։ Սա ամենախոշոր անկումն է 2020թ. ապրիլից ի վեր, ինչը գերազանցել է վերլուծաբանների կանխատեսումները (վերջիններս սպասում էին 3.8% գնաճ): Գնաճի նման թուլացման ֆոնին ԱՄՆ պետական պարտատոմսերի եկամտաբերությունը նկատելի անկում է գրանցել։
Թվային ռուբլու ներդրումը Ռուսաստանի տնտեսությանը տարեկան 423 մլրդ ռուբլու օգուտ կբերի
Ռուսաստանի Կենտրոնական համալսարանի հետազոտության համաձայն՝ թվային ռուբլու լայնածավալ կիրառումը կարող է տարեկան 423 միլիարդ ռուբլու տնտեսական էֆեկտ ապահովել։ Օգուտի առյուծի բաժինը՝ շուրջ 348 միլիարդ ռուբլի, կստանա տնտեսության իրական հատվածը՝ շնորհիվ դրամական փոխանցումների ծախսերի կրճատման, վճարումների արագացման և գործընթացների ավտոմատացման։
Չինաստանը 2026 թվականին կգերազանցի մարդանման ռոբոտների արտադրության 100,000-ի շեմը
Արհեստական բանականության (ԱԲ) էկոհամակարգի արագ զարգացումը Չինաստանում թույլ կտա արդեն ընթացիկ տարում մարդանման ռոբոտների թողարկման ծավալները հասցնել ավելի քան 100 հազար միավորի։ Չինաստանի խոշոր արդյունաբերական ձեռնարկություններում ԱԲ լուծումների ներդրման մակարդակն արդեն գերազանցել է 30%-ը՝ դառնալով տնտեսական և տեխնոլոգիական աճի հիմնական շարժիչներից մեկը։

