Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ Հայաստանում կայացած Ջենիֆեր Լոպեսի համերգի ֆինանսական հաշվետվությունը ներկայում գտնվում է ուսումնասիրության փուլում։
Մամուլի ասուլիսի ընթացքում, պատասխանելով լրագրողի հարցին համերգի կազմակերպման համար ծախսված գումարի վերաբերյալ, նախարարը նշել է, որ ուսումնասիրության ավարտից հետո պարզ կլինի՝ ի սկզբանե կնքված պայմանագրի շրջանակներում որքան գումար է ծախսվել և այդ գումարից որքանն է ենթակա պետական բյուջե վերադարձի։
Անդրեասյանի խոսքով՝ հաշվետվության արդյունքները պատրաստ լինելուց հետո նախարարությունը կկիսվի այդ տեղեկատվությամբ լրագրողների հետ։
Միաժամանակ նախարարը նշել է, որ Հայաստանի կառավարության շարունակական քաղաքականությունն է մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ կազմակերպել միջազգային աստղերի հյուրախաղեր։ Նրա խոսքով՝ այդ ձևաչափը միտված է մի քանի նպատակների իրականացմանը, այդ թվում՝ զբոսաշրջության խթանմանը, և այդ մոտեցումը նախատեսվում է շարունակել։

