ԱՄՆ-ն և Ճապոնիան պայմանավորվել են մինչև 73 միլիարդ դոլարի ճապոնական ներդրումների շուրջ ամերիկյան էներգետիկայի ոլորտում։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Համաձայնագիրը ներառում է երեք խոշոր նախագիծ, որոնցից մեկը վերաբերում է հաջորդ սերնդի փոքր մոդուլային ատոմային ռեակտորների կառուցմանը։
Նախագիծը կիրականացվի Hitachi և GE Vernova ընկերությունների համատեղ ձեռնարկության կողմից Թենեսի և Ալաբամա նահանգներում, որի համար նախատեսվում է մինչև 40 միլիարդ դոլարի ներդրում։
Բացի այդ, մինչև 33 միլիարդ դոլար կներդրվի Փենսիլվանիայում և Տեխասում գազային էլեկտրակայանների կառուցման համար՝ աճող էներգետիկ պահանջարկը բավարարելու նպատակով։
Նշվում է, որ այդ պահանջարկը պայմանավորված է նաև արհեստական բանականության ոլորտի տվյալների մշակման կենտրոնների ակտիվ զարգացմամբ։
Այս ներդրումները հանդիսանում են ԱՄՆ-ում ճապոնական ընդհանուր 550 միլիարդ դոլարի ներդրումային պարտավորությունների երկրորդ փուլը, որը ձևավորվել է երկրների միջև առևտրային համաձայնագրի շրջանակում։
Հիշեցնենք, որ 2025 թվականին կողմերը համաձայնության էին եկել նաև մաքսատուրքերի հարցի շուրջ՝ սահմանելով նոր տնտեսական համագործակցության շրջանակ։
Այս համաձայնագիրը դիտարկվում է որպես ԱՄՆ-Ճապոնիա տնտեսական և էներգետիկ համագործակցության խորացման հերթական քայլ։

