Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիտին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ընթացքում պարտավորություն չի ստանձնել մասնակցել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովմանը։
Այս մասին հայտնել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոշիմասա Կիհարան։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից նման հարցում եղել է, սակայն ճապոնական կողմը սահմանափակվել է միայն իր օրենսդրական հնարավորությունների վերաբերյալ պարզաբանումներով։
Կիհարան նշել է, որ Ճապոնիան ընդգծել է տարածաշրջանի կարևորությունը՝ հատկապես էներգակիրների կայուն մատակարարման տեսանկյունից, սակայն որևէ լրացուցիչ պարտավորություն չի ստանձնել։
Նա շեշտել է, որ քննարկումը ավարտվել է հենց այդ մակարդակում՝ առանց կոնկրետ համաձայնությունների։
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել էր, որ Ճապոնիան, որը մեծապես կախված է Մերձավոր Արևելքից նավթի մատակարարումներից, պետք է շահագրգռված լինի նեղուցի անվտանգությամբ։
Միաժամանակ Ճապոնիայի արտգործնախարարը նշել է, որ Տոկիոն կարող է դիտարկել մասնակցությունը ականազերծման աշխատանքներին՝ միայն ռազմական գործողությունների դադարեցման դեպքում։

