ԻՐԱՆՈՒՄ ՏՈՒԺԵԼ ԵՆ ԿԱՐՄԻՐ ՄԱՀԻԿԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ
Իրանի հյուսիսում գտնվող Ռեշտ քաղաքում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ զոհվել է Կարմիր մահիկի ընկերության մեկ աշխատակից, ևս 25-ը ստացել են վնասվածքներ։ Հարձակման են ենթարկվել Կարմիր մահիկի 14 օգնության կենտրոններ, վնասվել է 11 ավտոմեքենա։ Բողոքի զանգվածային ակցիաները Իրանում շարունակվում են 2025 թվականի դեկտեմբերի 28-ից՝ փոխարժեքի տատանումների և գների բարձրացման ֆոնին։
ԹՐԱՄՓԸ՝ ԻՐԱՆԻ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հետևում է Իրանում զարգացումներին։ Նրա խոսքով՝ անցած շաբաթ հրաժարվել է Իրանին հարվածելու սպառնալիքից այն բանից հետո, երբ Սպիտակ տունը հայտնել է, որ Թեհրանը դադարեցրել է ցուցարարների նկատմամբ նախատեսված մահապատիժները։
ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՁՆԱԲՔԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ՄԵՔԵՆԱՆԵՐ ԱՐԳԵԼԱՓԱԿՎԵԼ ԵՆ
Սյունիքի մարզում՝ Շինուհայր գյուղի խաչմերուկի մոտ, ձնաբքի պատճառով արգելափակվել է ավելի քան 100 տրանսպորտային միջոց։ Գիշերվա ընթացքում փրկարարները դուրս են բերել 34 բեռնատար և 311 մարդատար ավտոմեքենա, օգնություն ցուցաբերել 1086 քաղաքացու։
ՓԱՇԻՆՅԱՆԸ՝ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մաքսատուրքից ազատման գործընթացը իրականացվում է ինքնաշխատ և թափանցիկ մեխանիզմով՝ բոլոր ընկերությունների համար հավասար պայմաններով։ Նրա խոսքով՝ 2018 թվականից ի վեր տրամադրվել է 438 արտոնություն՝ 310 տարբեր ընկերությունների։
ԱՄՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ՝ ԳՐԵՆԼԱՆԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն ապահովում է Գրենլանդիայի անվտանգությունը, ապա պետք է իրավունք ունենա նաև կղզու բնական պաշարների նկատմամբ։ Նրա խոսքով՝ դա կարևոր է ԱՄՆ ազգային անվտանգության և Արկտիկայի վերահսկողության համար։
ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Այսօր գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Օրակարգում ընդգրկված է մեկ հարց՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։

