Հունվարի 21-ի բիզնես լուրերը

Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

2025 թվականի արդյունքներով Հայաստանում տնտեսական աճը կազմել է 5,5%-6%
2025 թվականի արդյունքներով Հայաստանում տնտեսական աճը կազմել է 5,5%-6%, հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կբարելավվի շուրջ 1 տոկոսային կետով՝ հասնելով 24,5%-ի, ինչը 2026-ին թույլ կտա ավելի հեշտ մոտենալ թիրախային 25%-ին։

Հայաստանում գնաճի արագացումը կապված է համաշխարհային գների դինամիկայի հետ․ ԵԱԶԲ
2025 թվականի վերջին Հայաստանում գնաճը կազմել է 3,3%։ Դեկտեմբերին նկատված արագացումը պայմանավորված է սննդամթերքի գներով և համաշխարհային շուկաների դինամիկայով։ ԵԱԶԲ կանխատեսմամբ՝ 2026-ին գնաճը կմնա ԿԲ թիրախին մոտ՝ շուրջ 3,3%։

Հայաստանում գրանցվել է ԵԱՏՄ-ում շինարարական աշխատանքների աճի ամենաարագ տեմպերից մեկը
Հայաստանում շինարարական աշխատանքների աճը կազմել է 25,6%՝ ԵԱՏՄ-ում ամենաարագ տեմպերից մեկը։ Ընդհանուր առմամբ ԵԱՏՄ-ում շինարարության ծավալը 2025թ. հունվար–նոյեմբերին աճել է 4,3%-ով։

ՀՀ բանկային համակարգի ակտիվները 2025թ․ նոյեմբերին կազմել են 11,7 տրլն դրամ
2025թ. նոյեմբերին բանկային համակարգի ակտիվները կազմել են 11,7 տրլն դրամ՝ տարեկան 15,4% աճով։ Ընդհանուր պարտավորությունները կազմել են 9,7 տրլն դրամ՝ 15,1% աճով։
Աղբյուր՝ ՀՀ ԿԲ

2025թ.-ի նոյեմբերին Հայաստանում գրանցվել է 2201 անհատ ձեռնարկատեր
Նոյեմբերին գրանցվել է 2201 անհատ ձեռնարկատեր, 789 ՍՊԸ և 31 ՀԿ։ Տվյալները ներկայացրել է Վիճակագրական կոմիտեն։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ

Կակաոյի համաշխարհային գինը գրեթե երկու տարվա ընթացքում առաջին անգամ իջել է 4700 դոլարից ցածր
Կակաոյի գինը մեկ տոննայի համար իջել է 4700 դոլարից ցածր՝ գրեթե երկու տարվա ընթացքում առաջին անգամ։ 2024թ. դեկտեմբերին գինը գերազանցել էր 12 հազար դոլարը։

Թրամփի պաշտոնավարման առաջին տարում ԱՄՆ-ը լքել է 3 միլիոն միգրանտ
Առաջին տարում ԱՄՆ-ից հեռացել է շուրջ 3 միլիոն միգրանտ՝ մոտ 2,2 միլիոնը կամավոր, ավելի քան 675 հազարը՝ արտաքսմամբ։

Ուկրաինան Գրենլանդիայի շուրջ զարգացումների պատճառով զրկվել է 800 մլրդ դոլար օգնությունից
Գրենլանդիայի շուրջ իրավիճակը հետաձգել է Ուկրաինայի հետ հետպատերազմյան համաձայնագրի շրջանակում նախատեսված 800 մլրդ դոլարի տնտեսական զարգացման պլանի հայտարարությունը։

ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններում նավթի մատակարարումները նվազել են
ՌԴ-ում նավթավերամշակման գործարանների մատակարարումները նվազել են՝ հասնելով վերջին 15 տարվա նվազագույն մակարդակին՝ 228,34 մլն տոննա։