Հունվարի 12-ի կարևոր լուրերը

Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։

ԻՐԱՆՈՒՄ ԵՌՕՐՅԱ ՍՈՒԳ ԵՎ ԶՈՀԵՐ

Իրանի կառավարությունը հայտարարել է եռօրյա սուգ՝ երկրում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում տասնյակ քաղաքացիների մահվան կապակցությամբ։ Զոհերի թվում կան նաև անվտանգության ուժերի ներկայացուցիչներ։ Պաշտոնապես զոհերի ճշգրիտ թիվը չի հրապարակվել, սակայն ավելի վաղ հաղորդվել էր 490 ցուցարարի և 48 անվտանգության ծառայողի մահվան մասին։ Ցույցերի ընթացքում զոհվել է նաև հայազգի երիտասարդ՝ Թեհրանի Մաջիդիե թաղի բնակիչ Էջմին Մասիհին։

ԹԵՀՐԱՆԸ՝ ԹՐԱՄՓԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑԵԼՈՒ ԽՆԴՐԱՆՔՈՎ

Իրանի ղեկավարությունը բանակցությունների խնդրանքով դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։ Թեհրանում դեռևս չեն մեկնաբանել ԱՄՆ նախագահի հայտարարությունը։

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ՎՐԱ ՄԵՔԵՆԱՅԻ ՄԽՐՃՈՒՄ

Լոս Անջելեսում Իրանի բողոքի շարժման աջակցության հանրահավաքի ժամանակ բեռնատարը մխրճվել է մարդկանց բազմության մեջ։ Տուժել է երկու մարդ։ Միջադեպից հետո ցուցարարները կոտրել են մեքենայի ապակիները և փորձել հարձակվել վարորդի վրա։ Վարորդի ինքնությունը դեռ պարզված չէ։

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՁՆԱՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դժգոհություն է հայտնել վարչական շրջանների աշխատանքից՝ ձնամաքրման գործընթացի վերաբերյալ։ Նա նշել է, որ մասնավոր տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց օբյեկտների դիմացի տարածքները, սակայն շատերը դա չեն անում, իսկ որոշ վարչական շրջաններ ընդհանրապես տուգանքներ չեն կիրառել։ Ավինյանը պահանջել է պարզաբանումներ և ընդգծել, որ ձնամաքրման պայմաններում աշխատանքը պետք է իրականացվի 24/7 ռեժիմով։

ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՑՈՒՑԵՐ

Նյու Յորքում հազարավոր մարդիկ մասնակցել են բողոքի ցույցի։ Ցուցարարները պաստառներով շարժվել են դեպի 5-րդ պողոտա՝ Թրամփի աշտարակի ուղղությամբ։ Նրանք քննադատել են ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայությանը, Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը և երկրի «արքայական» կառավարման մոտեցումը։

ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է մարզային այցելությունների մեկնարկի մասին և այսօր կլինի Արարատի մարզում։ Նրա խոսքով՝ նպատակն է անձամբ ծանոթանալ տեղերում առկա խնդիրներին և վերացնել Երևանում կայացվող որոշումների ու իրական իրավիճակի միջև եղած անջրպետը։ Նախարարը հանձնարարել է, որ նախարարության ողջ ղեկավար կազմը մեկ տարվա ընթացքում այցելի ՀՀ բոլոր ծառայություն մատուցող կետերը։

ՌԵԶԱ ՓԵՀԼԵՎԻԻ ԿՈՉԸ «ԱԶԳԱՅԻՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ» ՄԱՍԻՆ

Իրանի վերջին շահի ավագ որդի Ռեզա Փեհլևին դիմել է իրանական ժողովրդին՝ հայտարարելով «ազգային ապստամբության» նոր փուլի մեկնարկի մասին։ Նա կոչ է արել շարունակել քաղաքացիական անհնազանդությունը ներսում, իսկ արտերկրում իրանական դեսպանատները դիտարկել որպես ժողովրդի սեփականություն՝ վստահեցնելով, որ ռեժիմը գտնվում է փլուզման եզրին։

ՎԵՐԻՆ ԼԱՐՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՄԱՍՆԱԿԻ ԲԱՑՈՒՄ

Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը Վրաստան–Ռուսաստան ուղղությամբ բացվել է մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Սահմանափակումները շարունակում են գործել բեռնատարների համար։

ՓԱՇԻՆՅԱՆԸ՝ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում իշխանության լեգիտիմության հարցը լուծված է ընտրություններով, սակայն առկա է իրավակարգի լեգիտիմության խնդիր։ Նրա խոսքով՝ այս չլուծված հարցը համակարգը ներսից քայքայող վտանգավոր «վիրուս» է։

ԻՐԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԻ ԽՆԴԻՐՆԵՐ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտնել է, որ Իրանում բողոքի ցույցերի սրման պատճառով ուրբաթ օրվանից կապ չկա այնտեղ բնակվող հայերի հետ։ Տվյալների բացակայության պայմաններում տարհանման մասին խոսելը վաղ է, և հարցը կքննարկվի կառավարության մակարդակով՝ անհրաժեշտության դեպքում։

ԹՐԱՄՓԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՐԵՆԼԱՆԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գրենլանդիայի պաշտպանական համակարգը թույլ է և չի կարող դիմակայել ռուսական ու չինական սպառնալիքներին։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը չի բացառում Գրենլանդիան իրեն միացնելու տարբերակը։ Դանիան և եվրոպական մի շարք առաջնորդներ քննադատել են այդ դիրքորոշումը։

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ THE NEW YORK TIMES-Ի ԼԱՎԱԳՈՒՅՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ

Հայաստանը ներառվել է 2026 թվականին առաջարկվող ճամփորդական ուղղությունների ցանկում՝ զբաղեցնելով 20-րդ տեղը աշխարհի լավագույն ուղղությունների շարքում։ Այս մասին հայտնել է Զբոսաշրջության կոմիտեն՝ հղում անելով The New York Times-ի հրապարակմանը։

ԻՐԱՆԻ ԱԳՆ-Ի ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ ՑՈՒՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ բողոքի ցույցերը սկզբում խաղաղ են եղել, սակայն հետագայում շեղվել են ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ։ Նրա խոսքով՝ իրավիճակն այժմ գտնվում է իշխանությունների լիակատար վերահսկողության տակ։

ՍՈՒՐ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՎԱՐԱԿՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ ՀՀ-ՈՒՄ

2026 թվականի երկրորդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում սուր շնչառական վարակների հիվանդացությունը գնահատվում է որպես ցածր ակտիվություն։ Դեպքերի շուրջ 68 տոկոսը երեխաների շրջանում է, առավելապես՝ 0–4 տարեկանների։ Շարունակում է շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակը։