«Մենք ժամանակ առ ժամանակ ժողովրդավարական տուն վերադառնալու անհրաժեշտություն և կարիք ենք զգում՝ համոզվելու և համեմատելու համար մեր դեմոկրատական բարեփոխումների ժամացույցը դեմոկրատիայի տան ժամացույցների հետ, որպեսզի համոզվենք, որ ժողովրդավարական բարեփոխումների մեր ուղին ընթանում է ճիշտ ճանապարհով, ճիշտ արագությամբ և ճիշտ ուղղությամբ»,- ասել է վարչապետը։
Փաշինյանը ընդգծել է, որ Հայաստանի համար մեծ պատիվ է ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին ունենալ Եվրոպական միության և Եվրոպական խորհրդարանի աջակցությունը։
Նա հիշեցրել է, որ 2025 թվականին ՀՀ Ազգային ժողովը ընդունել է ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամագրվելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը, որը, ըստ նրա, պատմական նոր փուլ է բացում ՀՀ-ԵՄ հարաբերություններում։
«Դա մի նոր խթան է մեզ համար՝ շարունակելու դեմոկրատական, ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը»,- նշել է վարչապետը։
Փաշինյանը նաև անդրադարձել է ՀՀ-ԵՄ ռազմավարական նոր օրակարգին՝ նշելով, որ այն հարաբերությունները բարձրացնում է նոր մակարդակի։ Նրա խոսքով՝ ակտիվորեն շարունակվում են վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները, Հայաստանը աջակցություն է ստացել ԵՄ խաղաղության գործիքի միջոցով, իսկ Հայաստանում շարունակում է գործունեությունը ԵՄ քաղաքացիական դիտորդների առաքելությունը։
Վարչապետի խոսքով՝ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը շարունակվում է թե՛ գործադիր և օրենսդիր իշխանությունների, թե՛ քաղաքացիական հասարակությունների մակարդակով, իսկ տնտեսական համագործակցությունն ունի լայն օրակարգ։

