Քուվեյթի խոշոր բանկերից մեկը՝ National Bank of Kuwait-ը (NBK), հայտարարել է, որ երկու օրով փակել է մայրաքաղաքում գտնվող իր կենտրոնական գրասենյակը և Սուբհանի մասնաճյուղը։
Տեղեկությունը փոխանցում է «Kuna» գործակալությունը։
Բանկի հայտարարության համաձայն՝ որոշումը պայմանավորված է տարածաշրջանում շարունակվող ռազմական լարվածությամբ, ինչպես նաև անվտանգության և բիզնեսի անխափանության ապահովման անհրաժեշտությամբ։
Սուբհանի մասնաճյուղը գտնվում է արդյունաբերական գոտում, որտեղ տեղակայված են նաև պետական և անվտանգության կառույցներ։ Տարածքը գտնվում է այն օդանավակայանի հարևանությամբ, որը, ըստ պաշտոնական տվյալների, ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման։
Քուվեյթի քաղաքացիական ավիացիայի վարչության տեղեկություններով՝ հարվածի հետևանքով օդանավակայանի վառելիքի բաքերում առաջացել է հրդեհ։
Այս զարգացումները ցույց են տալիս, որ տարածաշրջանային ռազմական լարվածությունը սկսում է ազդեցություն ունենալ նաև ֆինանսական և բիզնես ենթակառուցվածքների գործունեության վրա։

