Իրանից պողպատե ամրանների ներկրման սահմանափակումները կգործեն ևս 6 ամիս

Նախատեսվում է ապահովել հավասար մրցակցային պայմաններ տեղական արտադրողների և երրորդ երկրներից ներմուծվող նույնանման ապրանքների միջև։

ՀՀ կառավարությունը փետրվարի 5-ի նիստում սահմանել է Հայաստանի Հանրապետություն պողպատե ամրանների ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և հիմնական լիցենզիայի ձևը, ինչպես նաև որոշել է երկարացնել գործող կարգավորումների կիրառման ժամկետը ևս վեց ամսով։

Կարգավորման համաձայն՝ երրորդ երկրներից ներմուծվող պողպատե ամրանների յուրաքանչյուր մինչև մեկ տոննայի ներմուծման լիցենզիայի տրամադրման համար սահմանվել է պետական տուրք՝ բազային տուրքի 29-ապատիկի չափով։ Միաժամանակ ամրագրվել է դրույթ, ըստ որի՝ պետական տուրքը ենթակա չէ վերադարձման՝ անկախ ներմուծման գործընթացի փաստացի արդյունքներից։

Միևնույն ժամանակ սահմանվել է ներմուծման լիցենզիայի տրամադրման պետական տուրքի ընդհանուր դրույքաչափը՝ բազային տուրքի 45-ապատիկի չափով։

Նշվում է, որ «Հայաստանի Հանրապետություն պողպատե ամրանների ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և հիմնական լիցենզիայի ձևը սահմանելու մասին» որոշումը ընդունվել է 2025 թվականի օգոստոսի 7-ին և գործում է մինչև 2026 թվականի փետրվարի 11-ը։ Կարգավորման ազդեցության արդյունավետությունն ապահովելու նպատակով կառավարությունը որոշել է այն երկարացնել ևս վեց ամսով։

Կառավարության հաղորդմամբ՝ որոշման նպատակն է զարգացնել առավել բարձր ավելացված արժեք ունեցող արտադրությունը և խթանել հումքային ռեսուրսների ներքին սպառումը։ Այդ համատեքստում հիշեցվում է, որ նախկինում ընդունված մի շարք որոշումներով արգելվել է սև և գունավոր մետաղների ջարդոնի և դրանց պարունակությամբ թափոնների արտահանումը՝ նպատակ ունենալով խթանել տեղական վերամշակումը և մետաղական արտադրանքի թողարկումը։

Ներկայումս Հայաստանում գործում են «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԲԸ, «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ, «Նիկոլ Դուման» ԱԿ և «Ձուլակենտրոն» ԲԲԸ ձուլարանները, ինչպես նաև կառուցվում կամ վերակառուցվում են «Ջի Թի Բի սթիլ» ՍՊԸ և «Քարակերտի քարաձուլման գործարան» ԲԲԸ ձուլարանները։ Ըստ կառավարության՝ դրանց արտադրական հնարավորությունները կարող են ավելացնել պողպատե ամրանների տեղական արտադրության ծավալները։

Վիճակագրական տվյալներով՝ 2022–2024 թվականներին Հայաստան ներմուծված պողպատե ամրանների քանակի 75.5 տոկոսը, իսկ արժեքի 80.2 տոկոսը ներմուծվել է Իրանից։ Նշվում է, որ ԻԻՀ-ից պողպատե ամրանների ներմուծումը շարունակաբար աճում է։

2023 թվականին, 2022 թվականի համեմատ, մեկ տոննա ամրանի միջին կշռված մաքսային արժեքը նվազել է 52 հազար դրամով՝ 269 հազար դրամից հասնելով 217 հազար դրամի։ ՀՀ-ում արտադրված մեկ տոննա պողպատե ամրանի միջին գինը կազմում է 259.6 հազար դրամ, նվազագույն և առավելագույն գները՝ համապատասխանաբար 215 հազար և 300 հազար դրամ։

Կառավարության հաշվարկներով՝ միայն էներգակիրների և աշխատավարձերի մասով Հայաստանում և Իրանում արտադրված մեկ տոննա մետաղական ամրանների ինքնարժեքների միջև առկա է շուրջ 31,805 դրամի տարբերություն։

Որոշման ընդունմամբ նախատեսվում է ապահովել հավասար մրցակցային պայմաններ տեղական արտադրողների և երրորդ երկրներից ներմուծվող նույնանման ապրանքների միջև։