Իրանի նավթային ոլորտը հայտնվել է կրիտիկական իրավիճակում՝ պահեստավորման հզորությունների գրեթե սպառման պատճառով։
Bloomberg-ի տվյալներով՝ երկրին մնացել է ընդամենը 12-22 օր՝ նավթի պաշարները պահեստավորելու համար։
Ճգնաժամի հիմնական պատճառը ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակումն է, որի հետևանքով իրանական նավթի արտահանումը կրճատվել է շուրջ 70 տոկոսով։
Նշվում է, որ Հորմուզի նեղուցով բեռնափոխադրումները փաստացի կանգ են առել, իսկ տանկերները չեն կարողանում դուրս գալ բաց ծով։
Արդյունքում երկրի ներսում կուտակվել է նավթի մեծ ավելցուկ։
Մասնագետների գնահատմամբ՝ եթե իրավիճակը չփոխվի, Իրանը մինչև մայիսի կեսերը ստիպված կլինի օրական ևս 1.5 միլիոն բարելով կրճատել արդյունահանումը։
Սա կարող է լուրջ վնաս հասցնել էներգետիկ ենթակառուցվածքներին, քանի որ հորատանցքերի երկարատև դադարեցումը վտանգում է դրանց տեխնիկական վիճակը։
Միևնույն ժամանակ, տնտեսության վրա ազդեցությունը դեռ անմիջապես չի զգացվում։
Դա պայմանավորված է նրանով, որ նախկինում առաքված նավթը դեռևս ճանապարհին է, իսկ վճարումները կատարվում են ուշացումով։
Այս հանգամանքը Թեհրանին տալիս է որոշակի ժամանակ՝ մինչև ճգնաժամը լիարժեքորեն անդրադառնա բյուջեի եկամուտների վրա։

