Իրանը ընդունել է կարգավորում, համաձայն որի՝ առևտրային նավերը պարտավոր են վճարել Հորմուզի նեղուցով անցնելու համար։ Այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Ալաոդդին Բորուջերդին։
Պաշտոնական ձևակերպմամբ՝ վճարները նախատեսված են նավերի անվտանգության ապահովման և ջրային ուղիներով ծառայությունների մատուցման դիմաց։
Միաժամանակ, փետրվարի 28-ից հետո տարածաշրջանում իրավիճակը փոխվել է։ ԱՄՆ-Իսրայելական ռազմական գործողությունների ֆոնին Իրանը սահմանափակել է նեղուցով միջազգային նավագնացությունը։ Առևտրային նավերի մի մասը դարձել է հարվածների թիրախ, իսկ անցումը թույլատրվել է հիմնականում բարեկամ կամ չեզոք պետություններին պատկանող նավերին։
Հորմուզի նեղուցը հանդիսանում է համաշխարհային էներգետիկ մատակարարումների առանցքային ուղիներից մեկը, և դրա շուրջ սահմանափակումները կամ նոր վճարային մեխանիզմները կարող են ազդեցություն ունենալ նավթային և լոգիստիկ շուկաների վրա։
Նոր կարգավորումը փոխում է նավագնացության պայմանները տարածաշրջանում՝ ավելացնելով ծախսերը և բարձրացնելով առևտրային ռիսկերը։

