Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը քննադատել է Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները՝ դրանք անվանելով միջազգային իրավունքի խախտում։
Նա նշել է, որ միջազգային իրավունքի խախտումները պետք է հստակ գնահատական ստանան։
«Մեր արտաքին քաղաքականությունն առավել համոզիչ չի դառնա, եթե մենք միջազգային իրավունքի խախտումը չանվանենք միջազգային իրավունքի խախտում»,- հայտարարել է Շտայնմայերը։
Նրա խոսքով՝ ընթացող պատերազմը հակասում է միջազգային իրավունքի նորմերին, և այդ հարցում կասկածներ չեն կարող լինել։
Գերմանիայի նախագահի այս հայտարարությունը տարբերվում է երկրի կառավարության դիրքորոշումից։
Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը մինչ այժմ խուսափում է իրավական հստակ գնահատական տալ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններին՝ նշելով, որ իրավիճակը բարդ դիլեմա է Գերմանիայի համար։
Շտայնմայերի հայտարարությունը հնչել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության վերականգնման 75-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում։

