Էներգետիկայի միջազգային գործակալությունը (ԷՄԳ) առաջարկում է ռեկորդային ծավալի նավթ հանել իր ռազմավարական պահուստներից՝ Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին զսպելու գների կտրուկ աճը։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրների։
Աղբյուրների փոխանցմամբ՝ քննարկվող ծավալը կարող է գերազանցել 182 միլիոն բարելը, որը ԷՄԳ անդամ երկրների կողմից շուկա էր հանվել 2022 թվականին՝ ռուս-ուկրաինական հակամարտության սկզբում։
Առաջարկը ներկայացվել է մարտի 10-ին ԷՄԳ մասնակից երկրների արտահերթ խորհրդակցության ժամանակ։ Որոշման շուրջ քննարկումները նախատեսված են մարտի 11-ին։
Որոշումը կընդունվի միայն այն դեպքում, եթե դրան աջակցեն ԷՄԳ-ի բոլոր 32 անդամ երկրները։
Նշվում է, որ ԷՄԳ մասնակից երկրները միասին ունեն ավելի քան 1.2 միլիարդ բարել նավթի ռազմավարական պաշարներ։

