ABNews

Մեդիաոլորտի միջազգային զարգացումները. արհեստական բանականության կիրառումից մինչև կարգավորող մարմինների նոր սահմանափակումներ

Լուրեր | 2026/11/02 12:49

Մեդիաոլորտի միջազգային զարգացումները. արհեստական բանականության կիրառումից մինչև կարգավորող մարմինների նոր սահմանափակումներ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ներկայացնում է միջազգային մեդիա լրահոսի առանցքային իրադարձությունների, կարգավորող մարմինների որոշումների և ոլորտային վերջին զարգացումների ամփոփ տեսությունը։

Arcom-ը հետաքննություն է սկսել Ֆրանսիայում ցույցերի լուսաբանման վերաբերյալ

Ֆրանսիայի կարգավորող մարմին Arcom-ը հետաքննություններ է սկսել հոկտեմբերի 17-ից տեղի ունեցող ցույցերի և հասարակական անկարգությունների լուսաբանման վերաբերյալ ստացված բողոքներից հետո։ Հոկտեմբերի 22-ին հեռարձակողներին ուղղված նամակում մարմինը կոչ է արել հատկապես զգոն լինել՝ ապահովելով տեղեկությունների ստուգվածությունը և հավասարակշռված ներկայացումը։ Arcom-ը նաև ընդգծել է լրագրողների անվտանգության և խմբագրական վերահսկողության կարևորությունը, այդ թվում՝ հաղորդումների մասնակիցների կողմից խտրական կամ այլ անձանց իրավունքները խախտող հայտարարությունների դեպքում։

https://www.broadbandtvnews.com/2026/10/23/arcom-investigates-broadcasts-covering-french-protests/

ԱԲ հաղորդավարը խոսում է իսպաներեն և պաշտպանում ներգաղթյալների իրավունքները. նոր փորձարարություն ԱՄՆ ռադիոեթերում

ԱՄՆ-ում գործող Entravision մեդիա ընկերությունը Լոս Անջելեսի José 97.5 FM ռադիոկայանում կիրառում է Coyotec անունով ԱԲ հաղորդավարին, որը վարում է Al Aire y Sin Permiso առավոտյան հաղորդումը՝ իրական հաղորդավար Ջերալդին «GeeGee» Գուսմանի հետ։ Coyotec-ը խոսում է իսպաներենով, ներկայացնում ժամանցային և տեղեկատվական նյութեր, անդրադառնում ներգաղթյալների խնդիրներին և օգնում լսարանին տեղեկացված լինել իրենց իրավունքների մասին։ Սկզբում շաբաթ օրերին հեռարձակվող մեկժամյա հաղորդումը տեղափոխվել է աշխատանքային օրերի 08:00–10:00 ժամերին, իսկ օգոստոսից ծրագիրը հեռարձակվում է նաև Կալիֆոռնիայում, Նևադայում և Տեխասում։ Ընկերության ներկայացրած Nielsen-ի տվյալներով՝ հաղորդման լսարանն աճել է, հատկապես Z սերնդի և միլենիալների շրջանում։

https://www.wired.com/story/this-ai-radio-hosts-speaks-spanish-and-backs-immigrants-its-winning-over-listeners/

BBC-ն ներկայացրել է «Global Signals» նախագիծը՝ ապատեղեկատվության սպառնալիքին արձագանքելու նպատակով

BBC World Service-ը ներկայացրել է Global Signals հետազոտությունը, որի նպատակն է ավելի խորությամբ ուսումնասիրել առցանց տեղեկատվական միջավայրը և հասկանալ՝ ինչպես է լրագրությունն ազդում ապատեղեկատվության տարածման և հերքման վրա։ Հետազոտողները ուսումնասիրել են ռուսալեզու և արաբալեզու տեղեկատվական միջավայրերը՝ BBC-ի 45 լեզվով ծառայությունների համատեքստում։ 2026թ․ փետրվարի 1-ից մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածի համար վերլուծվել է ապատեղեկատվություն տարածող հայտնի հաշիվների ավելի քան 100 հազար գրառում և BBC-ին հիշատակող ավելի քան 54 հազար գրառում՝ 11 սոցիալական հարթակում։

https://www.advanced-television.com/2026/10/27/bbc-unveils-global-signals-to-respond-to-threat-of-disinformation/

Հետազոտություն. 11-15 տարեկանների 42%-ը նախատեսում է շրջանցել սոցցանցերի արգելքը

EE ընկերության հետազոտության համաձայն՝ 11–15 տարեկան երեխաների 42%-ը նախատեսում է շրջանցել առաջիկա սահմանափակումները՝ ներբեռնելով այնպիսի հավելվածներ, որոնք չեն ընդգրկվի արգելքի շրջանակում։ Միջնակարգ դպրոցների աշակերտների 44%-ը ընկերների հետ արդեն քննարկում է հնարավոր շրջանցման ուղիները, իսկ ուսուցիչների 95%-ը կարծում է, որ որոշ երեխաների կհաջողվի դա անել։ Ծնողների միայն 44%-ն է տեղյակ, որ սահմանափակումները նախատեսվում է կիրառել մարտից։ Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ ծնողների 39%-ը պատրաստ կլիներ օգնել երեխային օգտվել սոցմեդիայից, եթե համարեր, որ արգելքը վնասում է նրան։

https://www.advanced-television.com/2026/10/27/research-42-plan-to-flout-under-16s-social-media-ban/

«HIT FM» Radio-ն և «HIT FM» TV-ն պարտվել են Տեսալսողական խորհրդի դեմ դատական վեճում

Քիշնևի դատարանը 2026թ․ հոկտեմբերի 23-ին անհիմն է համարել «HIT FM» ռադիոյի և «HIT FM» հեռուստաընկերության հայցն ընդդեմ Մոլդովայի Տեսալսողական խորհրդի՝ 2026թ․ մարտին ընդունված որոշման մասնակի չեղարկման վերաբերյալ։ Կարգավորողը յուրաքանչյուրին տուգանել էր 60․000-ական լեյով (մոտ 1․205․000 դրամ)՝ տեսալսողական առևտրային հաղորդակցության կանոնները խախտելու համար։ 2025թ․ վերջին իրականացված մոնիթորինգի ընթացքում արձանագրվել է, որ ռադիոյով 102, իսկ հեռուստաալիքով՝ 45 դեպքերում գովազդը հստակ տարանջատված չի եղել խմբագրական բովանդակությունից։ Բացի այդ, «Happy Neața» հաղորդման ընթացքում բացակայել են հովանավորության մասին անհրաժեշտ հայտարարությունները, իսկ «Căsuța mea» ապրանքանիշի հովանավորության վերաբերյալ չի ներկայացվել հաղորդման ստեղծման գործում հովանավորի ներդրումը հաստատող ապացույց։ Կարգավորողը նաև մոլորեցնող է գնահատել «Liderii aleg Dixi Media» գովազդային պնդումը և արձանագրել «McDonald's»-ի գովազդում առողջ ապրելակերպի վերաբերյալ պարտադիր նախազգուշական հաղորդագրություններից մեկի բացակայությունը։

https://consiliuaudiovizual.md/news/hit-fm-radio-si-hit-fm-tv-pierd-intr-un-litigiu-vs-ca-privind-nerespectarea-prevederilor-aferente-comunicarilor-comerciale-audiovizuale/

EBU-ն Meta-ից պահանջում է բովանդակության հավաքագրումից հրաժարվելու անվճար հնարավորություն

Եվրոպական հեռարձակողների միությունը պահանջում է, որ Meta-ն հնարավորություն տա հեռարձակողներին հրաժարվել իրենց կայքերի բովանդակության՝ AI համակարգերի կողմից հավաքագրումից՝ առանց Facebook-ի և Meta-ի մյուս հարթակներից դուրս գալու կամ հրապարակումների տարածման սահմանափակումների ենթարկվելու։ EBU-ի մտահոգությունն այն է, որ գործող պայմանները կարող են թույլատրել նաև երրորդ անձանց պատկանող նյութերի օգտագործումը, որոնց նկատմամբ հեռարձակողները համապատասխան իրավունքներ չունեն։

https://www.broadbandtvnews.com/2026/10/28/ebu-demands-penalty-free-opt-out-from-meta-content-scraping-terms/

AGF-ն կոչ է անում սահմանել վիդեոլսարանի ընդհանուր ծածկույթի չափման միասնական չափորոշիչներ

Գերմանիայում հեռուստալսարանի ուսումնասիրությամբ զբաղվող AGF Videoforschung կազմակերպությունը կոչ է արել սահմանել լսարանի չափման ընդհանուր չափորոշիչներ, որոնք թույլ կտան համադրելի տվյալներ ստանալ հեռուստատեսության և հոսքային հարթակների վերաբերյալ։ Կազմակերպության ղեկավար Քերստին Նիդերաուեր-Կոպֆի խոսքով՝ տարբեր հարթակների դիտումների թվերը պարզապես գումարելը բավարար չէ․ անհրաժեշտ են միասնական սահմանումներ, կրկնակի հաշվառման բացառում և անկախ ստուգելի տվյալներ՝ պարզելու համար, թե գովազդային արշավն իրականում քանի տարբեր մարդու է հասել։

https://www.broadbandtvnews.com/2026/10/28/agf-calls-for-common-standards-to-measure-total-video-reach/

Լեհական Polsat TV-ն դառնում է YouTube-ի ռազմավարական գործընկերը

Լեհական Polsat հեռուստաընկերությունը և Google-ին պատկանող YouTube-ը հայտարարել են ռազմավարական համագործակցության մասին։ YouTube-ում հասանելի կդառնան Polsat-ի արխիվից հազարավոր ժամերի հաղորդումներ, իսկ որոշ ծրագրեր կստեղծվեն բացառապես առցանց հարթակի համար։ Բացի այդ, Polsat Media-ն գովազդատուներին հնարավորություն կտա YouTube-ում տարածել Polsat-ի հաղորդումների հետ կապված գովազդային արշավները։ Ընկերության տվյալներով՝ 2026թ․ իրենց ալիքները YouTube-ում արդեն հավաքել են ավելի քան մեկ միլիարդ դիտում։

https://www.advanced-television.com/2026/10/28/poland-polsat-tv-partners-with-youtube/

Նիդեռլանդների մեդիաընկերությունները պահանջում են խստացնել ապօրինի IPTV-ի դեմ պայքարը

Նիդեռլանդների NPO, Talpa և DPG Media մեդիա կազմակերպությունները՝ ոլորտային միությունների հետ միասին, դիմել են երկրի չորս նախարարների՝ պահանջելով խստացնել ապօրինի IPTV հոսքային ծառայությունների դեմ պայքարը։ Նրանք առաջարկում են իրավապահ և դատական մարմիններին ավելի մեծ առաջնահերթություն տալ խնդրին, ուժեղացնել պետական և մասնավոր հատվածների համագործակցությունը և հանրության իրազեկումը։ Կազմակերպությունները նշում են, որ ապօրինի ծառայությունները վնասում են օրինական բովանդակության առաջարկին, իսկ օգտատերերի համար կարող են ստեղծել նաև վնասաբեր ծրագրերի և խարդախության վտանգներ։

https://www.advanced-television.com/2026/10/28/dutch-media-bodies-call-for-illegal-iptv-crackdown/

ComCom-ը հաստատել է ռադիոհեռարձակման առաջնահերթությունները Վրաստանում

ComCom-ի պատվերով իրականացված հասարակական կարծիքի ուսումնասիրության համաձայն՝ ռադիոհեռարձակման նոր ծառայությունների առավել պահանջված տեսակը մասնագիտացված ռադիոն է։ Հարցվածների 42%-ը նշել է, որ դրա ավելացման անհրաժեշտություն կա, մինչդեռ 37%-ը նախընտրել է ընդհանուր ուղղվածության ռադիոկայանների ավելացումը։ Հարցվածների մեծամասնությունը՝ 74%-ը, կարծում է, որ ռադիոկայանները պետք է հեռարձակվեն ամբողջ երկրի տարածքում, իսկ 25%-ը կողմ է տարածաշրջանային ռադիոհեռարձակմանը։ Մասնավորապես՝ հարցվածների 78%-ն ամեն օր երաժշտություն է լսում, իսկ 52%-ը՝ նորություններ։ Հարցվածների 25%-ը նախընտրում է սպորտային հաղորդումները, իսկ 13%-ի համար կարևոր են բժշկական թեմաներով հաղորդումները։ Ուսումնասիրության арդյունքների հիման վրա ComCom-ը հաստատել է ռադիոհեռարձակման առաջնահերթությունները, որոնք սահմանվել են Վրաստանի 30 հեռարձակման գոտիների համար։ Հասարակական կարծիքի ուսումնասիրությանը մասնակցել է շուրջ 4200 մարդ՝ Վրաստանի 30 հեռարձակման գոտիներից՝ համամասնության սկզբունքի պահպանմամբ։

https://comcom.ge/ge/yvela-siaxle/comcom-ma-radiomauwyeblobis-prioritetebi-daamtkica.page

Ofcom-ը ներկայացրել է տարիքի ստուգման մեթոդները՝ Մեծ Բրիտանիայում սոցցանցերի սահմանափակումներն ապահովելու համար

Ofcom-ը առանձնացրել է տարիքը հուսալիորեն ստուգելու չորս մեթոդ՝ լուսանկարով անձը հաստատող փաստաթղթի ստուգում, թվային նույնականացում, բանկային տվյալների հիման վրա ստուգում և դեմքի միջոցով տարիքի գնահատում։ Ուսումնասիրությունն իրականացվել է Մեծ Բրիտանիայում մինչև 16 տարեկանների համար սոցցանցերի օգտագործման սահմանափակման առաջարկվող կարգավորումների շրջանակում։ Ofcom-ը նաև ընդգծել է, որ տարիքի ստուգման համակարգերը պետք է պաշտպանեն անձնական տվյալները, իսկ հարթակները՝ նվազեցնեն սահմանափակումները շրջանցելու հնարավորությունները։

https://www.ofcom.org.uk/online-safety/protecting-children/how-age-checks-at-age-16-can-work-to-underpin-uks-social-media-ban

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը