ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի
քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում
կատարված հանցագործությունների վարչությունում իրականացվում է անդրազգային հանցավոր
կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու
դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում
առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ և արտերկրի մի խումբ
քաղաքացիներ 2023 թվականի դեկտեմբերից ստեղծել և մինչև 2024 թվականի հոկտեմբերի
12-ը ղեկավարել են կայուն և միավորված հանցավոր կազմակերպություն, որի մասնակիցների
գործողությունները ղեկավարելու և համակարգելու նպատակով ստեղծել են բազմաստիճան հիերարխիկ
կառուցվածք ու մասնագիտացման հիման վրա հիմնված դերաբաշխում, մշակել վարքագծի և արգելքների
ներխմբային նորմեր ու հետևել դրանց պահպանմանը, ներդրել հանցագործությունների կատարման
հստակ և մանրակրկիտ մտածված մեխանիզմներ, ներդրումային խարդախություններից արդեն իսկ
տուժած անձանց գիտակցության վրա հոգեբանորեն ներազդելու հնարքներ, ապահովել հանցանքների
կատարման համար անհրաժեշտ համակարգիչներով և այլ տեխնիկական միջոցներով ու ծրագրային
ապահովումներով, մեծաթիվ տուժողների գայթակղելու նպատակով սոցիալական ցանցերում իրականացրել
գովազդներ և վստահությունն ամրապնդելու համար կիրառել կեղծ բովանդակությամբ համացանցային կայք, վարձակալել
հարմարավետ գրասենյակային տարածքներ, ինչպես նաև տարբեր ժամանակահատվածներում ու ժամկետներով
հավաքագրել և ներգրավել են կազմակերպության բազմաթիվ անդամների:
Նախաքննության ընթացքում հիմնավորվել է հանցավոր
կազմակերպության կողմից առնվազն 16 մլն 94 հզր 945 ՀՀ դրամ գումարի հափշտակություն
կատարելու հանգամանքը։
Հանցավոր կազմակերպության մասնակից՝ հետախուզվող
Ռ.Պ.-ն կալանավորվել է:
Նրա վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական
եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար
դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ,
քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված
կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

