Վերջին օրերին Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը (համատեղության կարգով նաև՝ Շրի Լանկա, Բանգլադեշ և Նեպալ) իր գործառույթներն իրականացրել է արտակարգ ռեժիմով։ Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Նրա խոսքով՝ չվերթների չեղարկման հետևանքով հավատարմագրման երկրներում մնացած՝ հիմնականում զբոսաշրջային նպատակներով Հնդկաստանում և Շրի Լանկայում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ պահպանվել է կապ, հավաքագրվել են անհրաժեշտ տեղեկություններ և դիտարկվել նրանց՝ ՀՀ վերադարձի հնարավորությունները։
Դեսպանությունը հետևողական աշխատանք է իրականացրել համապատասխան թռիչքի թույլտվություն ստանալու ուղղությամբ՝ Հնդկաստանի ավիացիայի նախարարության և ԱԳՆ-ի հետ փոխգործակցությամբ։
Մարտի 5-ի ուշ երեկոյան Հնդկաստանում անցկացված Seaside Startup Summit-ի մասնակիցներն ու «Vardan Travel» զբոսաշրջային խմբի անդամները՝ ընդհանուր 104 ՀՀ քաղաքացի, Գոայից մեկնել են Երևան։ Ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։
Կապ հաստատած քաղաքացիներ
Այս պահին ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել՝
-
Շրի Լանկայից՝ 12 ՀՀ քաղաքացի,
-
Գոայից՝ 6 քաղաքացի,
-
Մալդիվներից՝ 2 քաղաքացի։
Դեսպանությունը բոլորի հետ գտնվում է ամենօրյա կապի մեջ։ Հրատապ մեկնելու ցանկության դեպքում քաղաքացիներին առաջարկվել է դիտարկել տարբեր գործող ուղղություններ։
Հնդկաստանում ՀՀ դեսպանության հետ կապի համար նշված է հետևյալ հեռախոսահամարը՝ +32 493 88 00 88 (նաև WhatsApp)։

