ABNews

Ինչու է գերմանական ավտոարդյունաբերությունը կանգնած լուրջ ճգնաժամի առջև

Բրենդներ և շուկա | 2026/08/17 16:48

Ինչու է գերմանական ավտոարդյունաբերությունը կանգնած լուրջ ճգնաժամի առջև

Գերմանիայի ավտոմոբիլային արդյունաբերությունը շարունակում է բախվել լուրջ կառուցվածքային մարտահրավերների: Bild պարբերականի հաղորդմամբ՝ միայն 2026 թվականի առաջին կեսին ոլորտում զբաղվածների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 42,300-ով, ինչը երկրի խոշոր արդյունաբերական ճյուղերի շրջանում ամենամեծ անկումն է:

Ներկայումս ավտոարդյունաբերությունում աշխատում է շուրջ 691,500 մարդ. սա 2005 թվականից ի վեր արձանագրված ամենացածր ցուցանիշն է: Ճգնաժամն առավել ծանր է հարվածել ավտոբաղադրիչներ արտադրող ընկերություններին, որտեղ զբաղվածությունը մեկ տարվա ընթացքում կրճատվել է 7.6%-ով՝ հասնելով 219,500-ի:

«Ձնահյուսը նոր է թափ հավաքում». Փորձագիտական կանխատեսումներ

Ավտոփորձագետ Ֆերդինանդ Դուդենհյոֆերը Bild-ի հետ զրույցում նշել է, որ հիմնական կրճատումները դեռ առջևում են, իսկ ոլորտի անկման գործընթացը հեռու է ավարտվելուց:

«Մենք գտնվում ենք անկման գործընթացում, որը դեռ շատ հեռու է ավարտից և ամբողջությամբ ակնհայտ կդառնա միայն առաջիկա տարիներին: Ձնահյուսը դեռ շատ հեռու է իր ամբողջական մասշտաբից, այն նոր է սկսում թափ հավաքել: Հաջորդ մի քանի տարիները ծանր են լինելու», — ընդգծել է Դուդենհյոֆերը:

Ըստ փորձագետի՝ այնպիսի հսկաների հայտարարած կրճատումները, ինչպիսիք են Volkswagen-ը, BMW-ն, Porsche-ն, Bosch-ը և ZF-ը, դեռևս ամբողջությամբ արտացոլված չեն պաշտոնական վիճակագրության մեջ: Նրա կանխատեսումներով՝ մինչև 2030 թվականը գերմանական ավտոարդյունաբերությունում աշխատողների թիվը կարող է նվազել՝ հասնելով 500 հազարի:

Ճգնաժամի պատճառները և հնարավոր հետևանքները

Դուդենհյոֆերի գնահատմամբ՝ ոլորտի անկման հիմնական պատճառներն են.

  • Գերմանիայում արտադրական բարձր ծախսերը,

  • Չինաստանի կողմից աճող կոշտ մրցակցությունը,

  • Արտադրական գործընթացների արագ ավտոմատացումը:

Փորձագետը ահազանգում է, որ ստեղծված իրավիճակում Գերմանիան «վտանգում է կորցնել ոչ միայն ավտոմեքենաների արտադրությունը, այլև նոր տեխնոլոգիաների մշակման առաջատար դիրքերը»:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը