ABNews

Ինչպես սկսել և իրականացնել միկրոձեռնարկատիրական գործունեություն

Լուրեր | 2026/06/15 18:35

Ինչպես սկսել և իրականացնել միկրոձեռնարկատիրական գործունեություն

Յուրաքանչյուր հաջող բիզնես սկսվում է առաջին քայլից, իսկ առաջին քայլերն առավել վստահ են, երբ կա հասանելի և հանրամատչելի տեղեկատվություն: Նոր բիզնես սկսողներին և փոքր բիզնեսի ներկայացուցիչներին աջակցելու նպատակով ՀՀ պետական եկամուտների կոմիտեն նախաձեռնել է գործնական ուղեցույցների շարք, որոնք կհարապարակվեն ՊԵԿ պաշտոնական www.src.am կայքի գլխավոր էջում բացված «Բիզնեսը՝ քայլ առ քայլ» անվամբ պատուհանում։ Ուղեցույցներում պարզ և մատչելի ձևով կներկայացվեն հարկային համակարգում գործելու հիմնական քայլերը՝ պետական գրանցումից մինչև հաշվետվությունների ներկայացում և հարկերի վճարում։ Մեր առաքելության և տեսլականի կարևոր բաղադրիչներից է հարկ վճարողների իրազեկվածության բարձրացումն ու նրանց համար հասանելի, պարզ և գործնական տեղեկատվության ապահովումը։ Այս նախաձեռնության նպատակն է ձեռնարկատերերին օգնել՝ վստահ կողմնորոշվել իրենց գործունեության սկզբնական փուլում, խնայել ժամանակ և զարգացնել բիզնեսը։

Այս շարքի առաջին ուղեցույցում մանրամասն ներկայացվում են միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում գործունեություն սկսելու և իրականացնելու հիմնական քայլերը։ Անկախ նրանից՝ նախատեսում եք հիմնել փոքր բիզնես, մատուցել ծառայություններ, զբաղվել արտադրությամբ կամ իրականացնել այլ գործունեություն, կարևոր է նախապես ծանոթանալ գործունեության այն տեսակներին, որոնց դեպքում հնարավոր է գործել միկրոձեռնարկատիրության համակարգում, ապա ուսումնասիրել բիզնեսի գրանցման, հարկային մարմնում հաշվառվելու, հաշվետվությունների ներկայացման, հարկերի վճարման և այլ հիմնական ընթացակարգերն ու օգտվել փոքր բիզնեսի համար նախատեսված հարկային արտոնություններից։

Միկրոձեռնարկատիրության հարկման համակարգ
Եթե որոշել եք զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ և օգտվել փոքր բիզնեսի համար նախատեսված հարկային արտոնություններից, ապա պետք է ընտրեք միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում գործելու երկու տարբերակներից որևէ մեկը.

  • որպես ֆիզիկական անձ ՝ առանց պետական գրանցման,

  • որպես անհատ ձեռնարկատեր կամ կազմակերպություն։

Թե ո՞ր տարբերակն է կիրառելի հենց ձեր դեպքում, ամբողջությամբ կախված է բիզնես գործունեության տեսակից։ Բայց հիշե՛ք, որ բոլոր դեպքերում ձեր տարեկան շրջանառությունը չպետք է գերազանցի 24 միլիոն դրամը։

Եթե գործելու եք որպես ֆիզիկական անձ
Միկրոձեռնարկատիրության համակարգում որպես ֆիզիկական անձ գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.

  1. ստուգել, արդյոք, այն գործունեությունը, որով զբաղվում եք կարող է գործել միկրոձեռնարկատիրության համակարգում

  2. գրանցվել Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում

  3. մինչև գործունեությունն սկսելը հարկային մարմին ներկայացնել հայտարարություն

  4. մեկ աշխատանքային օրվա ընթացքում կտրամադրվի արտոնագիր, որով կհամարվեք միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող ֆիզիկական անձինք

  • Չեն ներկայացնում հաշվետվություններ և չեն վճարում հարկեր

  • Չեն կարող իրենց գործունեության համար ներգրավել աշխատողներ

  • Չեն կարող կոմիսիայի կամ գործակալության պայմանագրերով ապրանքներ մատակարարել

Եթե գործելու եք որպես ԱՁ կամ կազմակերպություն
Միկրոձեռնարկատիրության համակարգում որպես անհատ ձեռնարկատեր կամ կազմակերպություն գործելու համար պետք է կատարել հետևյալ քայլերը.

  1. որոշել գրանցվելու եք որպես անհատ ձեռնարկատեր, թե կազմակերպություն,

  2. իրականացնել բիզնեսի պետական գրանցում կամ հաշվառում և ստանալ ՀՎՀՀ,

  3. ստուգել, արդյոք, այն գործունեությունը, որով զբաղվում եք կարող է գործել միկրոձեռնարկատիրության համակարգում,

  4. գրանցվել Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում,

  5. 20-օրյա ժամկետում հարկային մարմին ներկայացնել հայտարարություն։

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ ԱՁ-ները և կազմակերպությունները

  • Չեն վճարում հարկեր, բացառությամբ՝ բնապահպանական, ճանապարհային, ապրանքների ներմուծման հարկերի,

  • Չեն ազատվում որպես հարկային գործակալ՝ ֆիզիկական անձանցից պահվող եկամտային հարկից,

  • Չեն ազատվում տեղական հարկերից, պետական և տեղական վճարներից

  • Ներկայացնում են հաշվետվություն՝ նախորդ տարվա շրջանառության վերաբերյալ և եկամտային հարկի հաշվարկ, եթե ունեն գրանցված աշխատողներ

  • Անկանխիկ գործարքների, ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման դեպքում դուրս են գրում հաշվարկային փաստաթղթեր

  • Ձեռք են բերում և գրանցում ՀԴՄ, եթե կանխիկ կամ քարտով ստանում են վճարումներ։

Ուղեցույցի ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը