2025-2026 ուսումնական տարվա ավարտին 4-րդ դասարանի սովորողները Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ինքնաշխատ կերպով կհամարվեն ատեստավորված՝ 1-4-րդ դասարաններում ձևավորված տարեկան բնութագրերի հիման վրա։
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Հանրակրթության պետական նոր չափորոշչի համաձայն՝ մինչև ուսումնական պարապմունքների ավարտը՝ մայիսին, դպրոցներում կիրականացվի արտաքին գնահատում։ Այն կանցկացվի ԳԹԿ-ի մշակած միասնական թեստի միջոցով՝ «Մայրենի», «Մաթեմատիկա» և «Ես և շրջակա աշխարհը» առարկաներից։
Թեստի արդյունքները որևէ ազդեցություն չեն ունենալու երեխայի՝ հաջորդ դասարան փոխադրման գործընթացի վրա։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ երեխաները կլրացնեն մեկ թեստ, որը կազմված կլինի 40% մաթեմատիկայի, 40% մայրենիի և 20% «Ես և շրջակա աշխարհը» առարկայի առաջադրանքներից։
«Թեստի արդյունքները որևէ ազդեցություն չեն ունենալու երեխայի վրա, սա ընդամենը արտաքին ստուգում է, որի միջոցով կրթության լիազոր մարմինը պարզում է, թե ինչպիսի խնդիրներ և հաջողություններ ունենք, որ առարկաների մասով պետք է շեշտադրումներ անել»,- նշել է նա։
Նախարարությունը նաև ընդգծում է, որ միասնական թեստի հետ կապված որևէ ուղեցույց կամ օժանդակ նյութ չի երաշխավորվել, ուստի անհրաժեշտ է զերծ մնալ չհաստատված նյութերի կիրառումից։

