ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացրել է 2026–2027 ուսումնական տարում առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրման նոր ընթացակարգը: Գործընթացն այս տարի կազմակերպվելու է երեք փուլով՝ համակարգի բարելավման և ծնողների համար գործընթացի դյուրացման նպատակով։
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ՝ հայտագրվելու, դպրոցի տնօրենին դիմում ներկայացնելու, ինչպես նաև պայմանագիր կնքելու ողջ գործընթացն ամբողջությամբ թվայնացված է։
Հայտագրման փուլերն ու ժամկետները
Փուլ 1. Արտոնություններ ունեցող երեխաների հայտագրում
Հունիսի 8 (ժամը 09:00) - Հունիսի 21 (ժամը 24:00)
Համակարգը բաց կլինի բացառապես արտոնյալ խմբերում ընդգրկված երեխաների համար: Արտոնությունները ավտոմատ կերպով տեսանելի կլինեն էլեկտրոնային հարթակում:
Փուլ 2. Ընդհանուր հիմունքներ (Հայերենով ուսուցում)
Հունիսի 23 (ժամը 09:00-ից)
Մեկնարկում է հայերենով ուսուցմամբ դասարանների ընդունելությունը ընդհանուր հիմունքներով, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների, օտարերկրացիների, երկքաղաքացիների և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար:
Փուլ 3. Ռուսերենով ուսուցմամբ դասարանների հայտագրում
Հունիսի 30 (ժամը 09:00-ից)
Բացվում է հայտագրումը ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար՝ օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և որոշակի դեպքերում ազգային փոքրամասնությունների երեխաների համար:
Ովքե՞ր ունեն արտոնություն առաջին փուլում
Առաջին փուլից կարող են օգտվել.
Տվյալ դպրոցում սովորող քույր կամ եղբայր ունեցող երեխաները,
Տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաները,
Դպրոցից մինչև տուն հետիոտնային հասանելիության շառավղով բնակվող այն երեխաները, որոնք ընդգրկված են անապահովության գնահատման համակարգում (կամ ունեն սահմանված շեմից ցածր ամսական եկամուտ), գտնվում են խնամակալության տակ կամ ունեն հաշմանդամություն (այդ թվում՝ ծնողի հաշմանդամության դեպքում)։
Հատուկ դեպք պետական համակարգի աշխատողների համար. ՀՀ տարածքում ներքին գործուղման հետևանքով առնվազն 6 ամսով այլ բնակավայր տեղափոխված պետական աշխատողների ծնողները պետք է մինչև հունիսի 8-ը դիմում և տեղեկանք ուղարկեն
[email protected]էլեկտրոնային հասցեին: Բավարարման դեպքում հայտագրումը հունիսի 8-21-ը կիրականացնի ԿՏԱԿ-ը:
Կարևոր կարգավորում բազմազավակ ընտանիքների համար
Երկվորյակ, երեք և ավելի երեխաների դեպքում՝ նրանցից առնվազն մեկի հայտագրումը որևէ հանրակրթական դպրոցում ապահովում է մյուս երեխաների ավտոմատ ընդունելությունը նույն հաստատություն՝ անկախ լիցենզիոն տեղերի սահմանափակումից:
Հայտագրման ուղեցույց՝ քայլ առ քայլ
Ծնողներին խորհուրդ է տրվում գրանցումն ու նույնականացումն իրականացնել նախապես՝ մինչև հայտագրման պաշտոնական մեկնարկը, քանի որ գործընթացը ժամանակատար է:
1.Մուտք և գրանցում հարթակում:Մինչև մեկնարկը.
Մուտք գործեք https://my.emis.am/ պաշտոնական հարթակ և ստեղծեք օգտատիրոջ անձնական էջ: Գրանցման մանրամասներին կարող եք ծանոթանալ հարթակում տեղադրված «Գրանցում my.emis.am» տեսաուղեցույցում:
2.Նույնականացման անցնում:Մինչև մեկնարկը.
Անցեք անձի պարտադիր նույնականացման փուլը ստեղծված էջում: Սա հնարավորություն կտա համակարգի բացվելու պահին միանգամից անցնել հաջորդ քայլին:
3.Դպրոցի ընտրություն և հայտագրում:Ըստ սահմանված փուլերի.
Համապատասխան փուլի մեկնարկի օրը (հունիսի 8, 23 կամ 30) ժամը 09:00-ից սկսած մուտք գործեք Ձեր էջ և կատարեք դպրոցի ընտրությունը: Այս փուլի մանրամասները ներկայացված են «Առաջին դասարանի հայտագրում» տեսաուղեցույցում:
Հայտագրման համակարգը բաց կլինի և կշարունակի գործել ողջ ուսումնական տարվա ընթացքում։

