Կառավարությունը հաստատել է որոշման նախագիծ, որի համաձայն 2027 թվականի հունվարի 1-ից էլեկտրոնային առևտրի հարթակները պարտավոր կլինեն ամեն ամիս ՊԵԿ-ին տեղեկություններ տրամադրել Հայաստանից ԵԱՏՄ այլ երկրներ վաճառված ապրանքների մասին:
Ինչու է դա կարևոր. Կարգավորումը վերաբերում է ՀՀ կազմակերպությունների և ԱՁ-ների կողմից օնլայն հարթակներով ԵԱՏՄ երկրների ֆիզիկական անձանց իրականացված վաճառքներին: Վաճառքը հաստատող տվյալների առկայության դեպքում վաճառողը կարող է ԱԱՀ չվճարել տվյալ գործարքի համար:
Տվյալների փոխանցման պայմաններն ու ժամկետները.
Տեղեկատվության կազմը. Հարթակը ՊԵԿ-ին է փոխանցելու վաճառողի տվյալները, ապրանքի տեսակը, տեղափոխման փաստաթղթի համարն ու ամսաթիվը (առկայության դեպքում), ինչպես նաև տեղեկություններ ապրանքի վերադարձի կամ հրաժարման վերաբերյալ:
Ժամկետները. Տվյալները ներկայացվելու են էլեկտրոնային եղանակով՝ յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդ ամսվա 20-ը: Սխալների դեպքում ուղարկվելու են ճշտված տվյալներ:
ՊԵԿ-ի պարտավորությունը. Հարկային մարմինը ստացված տվյալները 1 աշխատանքային օրվա ընթացքում պետք է հասանելի դարձնի վաճառողին՝ տեղադրելով նրա անձնական էջում:


