Հայաստանում կբարձրացվի բանկերի բաժնետերերի շահութահարկը․ որն է հիմնական նպատակը

Շահութահարկը կբարձրացվի բաժնետերերին վճարվող դիվիդենտների համար։

Հայաստանում կբարձրացվի բանկերի բաժնետերերի շահութահարկը։ Համապատասխան օրենսդրական փաթեթը հավանության է արժանացել Հայաստանի կառավարության ապրիլի 30-ի հերթական նիստում։

Հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխությունների մաիսն նախագիծը ներկայացրել է ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։ Նրա խոսքով՝ շահութահարկը կբարձրացվի բաժնետերերին վճարվող դիվիդենտների համար։ Ներկայիս 5%-ից այն նախատեսվում է բարձրացնել մինչև 15%։ Բացառություն կկատարվի հեղինակավոր միջազգային բորսայում թողարկված բաժնետոմսերի դիվիդենտների համար (դրանց ցանկը կհաստատվի լրացուցիչ)։

Այս կապակցությամբ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը հստակեցրել է, որ ցանկում, ամենայն հավանականությամբ, կընդգրկվի նաև Հայաստանի ֆոնդային բորսան։ Ընդհանուր առմամբ, այն կներառի առևտրային հարթակներ, որոնք գործում են ինչպես Եվրոպայում, այնպես էլ ԱՄՆ-ում և ասիական երկրներում։

Պողոսյանն ընդգծել է, որ նախագծի նպատակներից մեկը հարկերի հավաքագրման մակարդակի բարձրացումն է, հատկապես եթե հաշվի առնենք, որ բանկային ծառայությունների զգալի մասն ազատված է ԱԱՀ-ից։ «Այս պրակտիկան ընդունված է աշխարհի շատ երկրներում։ Սակայն հենց այդ պատճառով էլ բանկերի համար ներդրվում են այլընտրանքային հարկեր։ Այդուհանդերձ, բացի ֆիսկալ նպատակից, նախագիծն ունի նաև այլ նպատակ՝ նվազեցնել վարկերի արժեքը երկրում»,- պարզաբանեց փոխնախարարը։

Սրան ի պատասխան՝ ՀՀ վարչապետն ասել է. «Դա պետք է տեղի ունենա այն ժամանակ, երբ բանկերը սկսեն ավելի շատ կապիտալ ներգրավել բորսայի միջոցով։ Դա շատ լավ է, որովհետև որքան քիչ բանկերը դուրս բերեն շահույթը, այնքան շատ կլինի փողի առաջարկը շուկայում, հետևաբար՝ վարկերի տոկոսադրույքը կնվազի»։

Իր հերթին Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը հայտարարել է, որ վերջին տարիներին բանկերը, որպես կանոն, դադարել են շահույթը դուրս բերել շրջանառությունից։ Ավելին, այժմ նրանք այն նորից են ներդնում. այսպիսով, վերջին 4 տարվա ընթացքում նրանք այդպես են վարվել իրենց շահույթի 65%-ի հետ։ «Բորսա դուրս գալու միջոցով բանկերի կապիտալիզացիայի բարձրացումը կարևոր է նաև ֆինանսական ծառայությունների շուկայում Հայաստանի մրցունակության պահպանման տեսանկյունից»,- եզրափակել է Խաչատրյանը։