Կառավարության հավանությանն է արժանացել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։
Օրինագծի նպատակն է հստակեցնել որոշմամբ սահմանված չափանիշների հիման վրա գրանցվող ավտոտրանսպորտային միջոցների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրման ենթակա լինելու պահանջը։
Նախագծով առաջարկվում է օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում որպես ավտոտրանսպորտային միջոց սահմանել նաև մոպեդները, տրիցիկլները և քվադրիցիկլները։ Արդյունքում կկարգավորվի նշված տրանսպորտային միջոցների պարտադիր ապահովագրման գործընթացը։
Կառավարության գնահատմամբ՝ նախաձեռնությունը միտված է ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը, վնասների փոխհատուցման մեխանիզմների ամբողջականացմանը և ապահովագրական դաշտի հստակեցմանը։

