Հայաստանում աշխատանքային պայմանագրերը կկնքվեն բացառապես էլեկտրոնային տարբերակով

Կնքվող աշխատանքային պայմանագրերը կհամապատասխանեն օրենքին

Հանրապետությունում 2026 թվականի հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերը պարտադիր կնքվելու են էլեկտրոնային տարբերակով։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը տեղեկացրեց, որ արդեն file-online.taxservice.am հարթակում անհրաժեշտ գործիքակազմը գործում է և արդեն կան թվային տարբերակով կնքված առաջին պայմանագրերը։ 

«Մինչև տարեվերջ ունենք ժամանակ և այս ընթացքում գործատուները կարող են կամավորության սկզբունքով օգտվել հարթակից, նոր պայմանագրերը կնքել էլեկտրոնային տարբերակով։ Այս ընթացքում գործարկված համակարգի հնարավորությունները կստուգվեն, կհասկանանք հնարավոր խնդիրները։ Արդեն հունվարի 1-ից գործընթացը կլինի պարտադիր բոլոր գործատուների համար»,-ասաց Ժորա Սարգսյանը։ 

Հարթակում լինելու է աշխատանքային պայմանագրի կաղապար, այսինքն՝ կոնկրետ պարտադիր դաշտեր, որտեղ գործատուն պետք է լրացնի համապատասխան տվյալները։ Երբ գործատուն լրացնում է բոլոր դաշտերը, դրանից հետո այն էլեկտրոնային եղանակով ստորագրում է։ Պայմանագրի մյուս կողմը՝ աշխատողը, self-portal հարթակով ստանալու է ծանուցում այն մասին, որ գործատուն իր համար պատրաստել է աշխատանքային պայմանագիր։ Ծանոթանալուց հետո աշխատակիցը էլեկտրոնային ստորագրությամբ կարող է հաստատել այն։ 

«Այս ընթացքում գործատուներից ամենաշատ բարձրացվող հարցը եղել է էլեկտրոնային ստորագրության հարցը, մասնավորապես, այն, որ ոչ բոլորն ունեն։ Ասեմ, որ դա ընդամենը մեկ անգամյա գործողություն է։ Այսինքն, եթե քաղաքացին մեկ անգամ ստացավ այս ստորագրությունը, ապա հաջորդիվ այլևս անելու բան չունի։ Դրանից բացի, եկամուտների հայատարարագրման գործընթացով պայմանավորված, բազմաթիվ քաղաքացիներ արդեն ձեռք են բերել էլեկտրոնային ստորագրություն»,-ասաց Ժորա Սարգսյանը։ 

Ի՞նչ է լինելու այն աշխատողների պարագայում, որոնց պայմանագրերը կնքվել են ավելի վաղ։ Այս մասով ևս առաջարկվում են լուծումներ։ Մասնավորապես, 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ժամանակ է տրամադրվելու բոլոր գործատուներին, որ ավելի վաղ ընդունված աշխատողների պայմանագրերը ևս այդ հարթակում լրացնեն։ Խոսքն այն աշխատողների մասին է, որոնք այդ պահին գործատուի մոտ աշխատում են։ Այն պայմանագրերը, որոնք մինչ այդ լուծվել են, ապա դրանց տվյալները համակարգում պետք չէ ներկայացնել։ Աշխատողների աշխատանքային պայմանագրերը կմուտքագրվեն այդ օրվա ամսաթվով ու քաղաքացին կդնի իր էլեկտրոնային ստորագրությունը, սակայն պայմանագրում նշվելու է, որ նա աշխատանքի է ընդունվել, օրինակ, 2001 թվականին։

Սպասվող փոփոխությունները կնպաստեն, որ փաստաթղթաշրջանառության ծավալը կտրուկ նվազի։ Դրանից բացի, գործատուի կողմից արվող գործողությունները կկրճատվեն, ինչպես նաև կնքվող աշխատանքային պայմանագրերը կհամապատասխանեն օրենքին։ Աշխատողներն էլ կարող են մեկ հարթակում տեսնել իրենց ունեցած աշխատանքային պայմանագրերը, կխուսափեն հնարավոր խնդիրներից։